Ամերիկյան պատժամիջոցների պատճառով «Արմենալի» արտադրանքը կրճատվել է, գործարանը կարող է փակվել
Հայաստանում UC Rusal ընկերության փայլաթիթեղ արտադրող «Արմենալ» գործարանը սկսել է նվազեցնել հզորությունները, իսկ աշխատակիցներն այլևս լրիվ զբաղվածությամբ չեն աշխատում, քանի որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով արտադրանքի պահանջարկի անկում է գրանցվել: Այս մասին գրել է ռուսական Ինտերֆաքսը, իսկ rbc.ru-ի աղբյուրը հաստատել է տեղեկությունը:
UC Rusal-ում հրաժարվել են մեկնաբանել ստեղծված իրավիճակը, «Արմենալից» մեկնաբանություններ ստանալ նույնպես չի հաջողվել:
Արմենալի արտադրանքի հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան էին: Գործարանը 2017 թվականին 33.7 հազար տոննա փայլաթիթեղ է արտահանել:
«Ամերիկյան պատժամիջոցների գործողությունը հանգեցրեց «Արմենալի» արտադրության նվազմանը և կարող է հանգեցնել գործարանի ամբողջական փակմանը»,- ասել է РБК-ի աղբյուրը: Մինչև սեպտեմբերի վերջ ընկերության 184 աշխատակից հարկադիր պարապուրդի է մատնվելու: Ներկայում գործարանում 670 մարդ է աշխատում: