«Դա երկրի համար ուղղակի կործանարար ճանապարհ է։ Սա ես հորդորում եմ բարեկամաբար». Նաիրա Զոհրաբյան

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, որ հայտարարել էր, թե «Իմ քայլը» դաշինքի հետ նման հարաբերությունների պայմաններում դեռ հարց է՝ իրենք կպաշտպանե՞ն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելը, թե՞ ոչ, նշում է, որ վերջնական որոշում դեռ չկա, հարցը պետք է քննարկեն, երբ կներկայացվի համապատասխան նախագիծը։

«Ես կարծում եմ՝ շատ ցիվիլ հայտարարություն եմ արել, ասել եմ՝ կբերեն, կքննարկենք։ Քանի դեռ չկա նախագիծ, ասել, թե մենք ինչպես կքվեարկենք, դա աբսուրդ է,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ն.Զոհրաբյանը՝ միաժամանակ շեշտելով, որ դա բացառապես իրենց որոշումն է լինելու և ոչ թե ճնշումների ներքո պարտադրանք,- Մեզ որևէ մեկը չի կարող ճնշել»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ է ասում, որ Փաշինյանը կարող է աշխատել և ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, Ն.Զոհրաբյանը նշեց, որ իր խոսքերը չեն նշանակում, որ ինքը համամիտ է ՀՀԿ-ի հետ. «Քաղաքական այս ոչ ստանդարտ իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երբ և ինչպես՝ դա արդեն քննարկելու հարց է։ Հանրապետականները գտնում են, որ ընդհանրապես պետք է չլինի, ես իրենց տեսակետի հետ համաձայն չեմ»։

Սակայն, ըստ նրա, չի կարելի խոսել ողջ ժողովրդի անունից և չի կարելի շանտաժ անել. «Դա երկրի համար ուղղակի կործանարար ճանապարհ է։ Սա ես հորդորում եմ բարեկամաբար»։

ԲՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իրենց դեմ իրականացվող պետական մակարդակի տեռորի մասին տեղեկացնելու է եվրոպական բոլոր կառույցներին և, որպես Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, որպես ՀՀ-ԵՄ հանձախմբի անդամ, որպես ԵԽ ԽՎ պատգամավոր խոստացավ, որ շատ թեժ է լինելու։ Միջազգային կառույցներին «տղա բերելու» դիտարկումներին Ն.Զոհրաբյանը հակադարձեց. «Ելքի մեր գործընկերներն իրենք էին ասում՝ բա եվրոպական կառույցները, մենք եվրոպական ընտանիքի անդամ ենք, մենք պիտի, մենք պարտավոր ենք եվրոպական կառույցներին տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Մենք շարունակում ենք իրենց գործը»։
Ն.Զոհրաբյանի հետ զրուցել ենք նաև ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի կողմից փոխադարձ հնչող սպառնալիքների ու մեղադրանքների, կոմպրոմատների փաթեթի մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս