
Ոստիկանությունը որևէ քաղաքացու «պառկացնելուց» հաճույք չի ստանում. Վալերի Օսիպյան

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին վստահեցրեց, որ «ասֆալտին պառկեցնելու» օպերացիայից արդյունքներ միշտ կան, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվում է:
«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու պառկացնելու, որևէ գործողություն անելու, դեմ տալու պատին, ստուգելու… ո՛չ, բացառապես մենք հաճույք չենք ստանում, դա օրինական գործընթաց է»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունն ունենում է տեղեկություններ, որ տվյալ անձանց մոտ կան զենքեր:
Ըստ նրա՝ զինված քաղաքացին սպառնալիք է ոստիկանի համար, իսկ ստուգելուց հետո, երբ պարզվում է, որ զենքն օրինական է, փոխանցվում է փորձագիտական բաժին, որ ստուգեն դրա առնչությունը որևէ հանցագործության հետ. «Զենքերի հետ կապված որևէ գործողություն ավելորդ չէ»:
Վ.Օսիպյանի խոսքով՝ Սամվել Ալեքսանյանի և Խաչատուր Սուքիասյանի թիկնազորին բերման ենթարկելու գործողությունը կապված է եղել շարասյունով երթևեկելու հետ, որի դեպքում խանգարում են երթևեկության մյուս մասնակիցներին: