ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կողմերը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կողմերը պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն բանակցություններում առաջընթացի համար։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը կշարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում, իհարկե, ուսումնասիրում են այն ամենն, ինչ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, ուսումնասիրվում են երկրներում հնչող բոլոր հայտարարությունները:
Զախարովան ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում, մենք ելնում ենք նրանից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով` հակամարտության կողմերի պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
Նա նշել է,որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն տրամադրել փոխզիջման ձեռքբերման համար։