Ի՞նչ սկզբունքով է որոշվել ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել բազմաթիվ սկանդալների հեղինակ առողջապահության նախարարին. Գ. Համբարյանը բաց նամակը՝ ԱԱԾ պետին

ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված պիտի լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Այս մասին ասված է քաղաքագետ Գագիկ Համբարյանի բաց նամակում, որը նա ուղղել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Քաղաքագետն իր նամակում հիշեցրել է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմի մեջ է մտնում նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ապա հարցրել, թե սկանդալների մեջ հայտնված նախարարն ինչ սկզբունքով է այնտեղ ընդգրկվել:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան պարոն Վանեցյան,

Այսօր հայտնի դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի առաջիկա հնարավոր կազմը, որը, անկեղծ ասած, տարակուսանք է հարուցել հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների շրջանում:

Անկախ Ձեր հանդեպ ունեցած անվերապահ վստահությունից՝ ստիպված ենք արձանագրել, որ փաստացի, պաշտոնապես հաստատվեց մեր մտահոգություններն ու մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ շարունակվում է ՀՖՖ գործադիր կոմիտեն իշխանության յուրայիններով համալրելու նախորդների արատավոր պրակտիկան: Ինչպես նախորդ իշխանության օրոք, այս անգամ ևս գործկոմի կազմում են ընդգրկվել իշխանական պատգամավորներ, նախարարներ ու կառավարության այլ անդամներ: Այլ կերպ ասած, մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն ֆուտբոլային աշխարհի հետ, և նրանցից որոշների միակ արժանիքը կառավարության անդամ լինելն է: Եթե նախկինում ֆեդերացիայի գործկոմի կազմում ընդգրկված էին ՀՀԿ-ականներ, այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են նրանց փոխարինել:

Այսինքն՝ մոտեցումներն ու սկզբունքները նույնն են մնացել: ՀՀ վարչապետի ու նոր կառավարության հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ՝ խնդրում ենք բացատրել ի՞նչ սկզբունքով է որոշվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել, օրինակ, Առողջապահության նախարարին, ով նախարար նշանակվելուց անմիջապես հետո բազմաթիվ սկանդալների հեղինակ է և իր գործողություններով ու հայտարարություններով արժանացել իր իսկ ղեկավարած ոլորտի մասնագետների, մեղմ ասած, բացասական վերաբերմունքին: Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել այդ ծանր հիվանդությունը, ինչպե՞ս է այն համատեղում ՀՀ նախարարի պաշտոնի հետ և ինչպե՞ս է այն համատեղելու ՀՖՖ գործկոմի անդամի պարտականությունների հետ: Ուսումնասիրեք, պարո՛ն Վանեցյան, բժշկական հանրությունը վստահ է, որ հաստատ հետաքրքիր բացահայտումներ կլինեն:

Հիմա դառնալով բուն թեմային՝ ժամանակն է, որ ՀՖՖ գործադիր կոմիտեում ընդգրկված լինեն ոլորտի ներկայացուցիչներ ու պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե օրվա իշխանության յուրայիններ ու պաշտոնյաներ: Ժամանակն է գործնականում ապացուցեք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ու ֆուտբոլի նկատմամբ պետության վերաբերմունքի հարցում ևս իրավիճակ է փոխվել:

Վերջապես,բոլորս էլ ուզում ենք ուրախանալ մեր ֆուտբոլի հավաքականի հաջողություններով»:

Տեսանյութեր

Լրահոս