«Ալիևի նպատակը հայ հասարակության միասնականությունը խաթարելը, մարդկանց թիմերի բաժանելը, ատելություն սերմանելն է». Թևան Պողոսյան

«Ունենք նոր իրավիճակ, նոր Հայաստան, կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, փորձ է արվում հիմք դնել անցումային արդարադատության: ԱԺ-ն կարծես առաջին անգամ սկսում է օգտագործել իր վերահսկիչ գործառույթները: Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, որոնք պետք է անցնեն ազատ, թափանցիկ մթնոլորտում, մրցակցային հավասար պայմաններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։

«Մենք թևակոխելու ենք ակտիվ տարվա ավարտ: Հուսով եմ՝ աշունն իսկապես թեժ է լինելու, ունենալու ենք տրանսֆորմացիոն ժամանակահատված՝ պահպանելու թավշյա հեղափոխության արդյունքները: Հուսով եմ նաև, որ կլինեն արդար դատավարություններ, որը կձևավորի օրենքի առջև հավասար լինելու մթնոլորտ, զարկ կտրվի տնտեսական տարբեր մոդելների գործարկմանը, ներդրումային քաղաքականությանը»,- ասաց նա։

Թևան Պողոսյանը նկատեց՝ ունենալու ենք շատ հետաքրքիր և հագեցած հոկտեմբեր, ինչից հետո կսկսենք պատրաստվել գարնանը սպասվող ընտրություններին. «Բոլորիս գործունեությունը պետք է միտված լինի իշխանության ճյուղերի տարանջատմանը: Գործադիրն իր ֆունկցիաներն այսօր կատարում է: Նաև օրենսդիրը պետք է գիտակցի, որ ինքն իշխանության ճյուղ է: Այլևս այնպես չի լինելու, որ մենք համարենք՝ օրենսդիրը գործադիրի կցորդն է: Դատական իշխանությունն էլ բոլորիս պետք է ապացուցի, որ արդար, ազնիվ է և իր անկախության  համար հենց ինքն է պայքարելու»։

Բանախոսը շեշտեց, որ անկախության 27-ամյակը նշելու ենք նոր Հայաստանում, և այդ օրն իսկապես պետք է վերածվի համահայկական տոնի՝ որպես միասնականության ապացույց:

«Միայն միասնականությունը թույլ կտա մեր շահերը տանել առաջ, ապահովել մեր անվտանգությունը: Հաջորդ շաբաթ սպասվող մյուս կարևոր իրադարձությունն ավագանու ընտրություններն են: Մենք պետք է հասկանանք, որ մեր ընտրությունները պետք է նպաստեն 2800-ամյա իմաստությանը: Ընտրությունները պետք է լինեն արդար, ազնիվ, թափանցիկ և մրցակցային: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հին մոտեցումներ չպետք է լինեն։ Հաղթող ուժը պետք է հավաքի բոլորի գաղափարները և փորձի կյանքի կոչել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է Ալիևի վերջին հայտարարություններին՝ Պողոսյանն ասաց, որ Ալիևի համար բռնապետ են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը, որովհետև աշխարհի ցանկացած հայ նրա թշնամին է. «Ալիևը ձևավորել է մի թիմ, որն ամբողջությամբ նստած է հայկական մամուլի վրա, մոնիտորինգ է անում: Ալիևի նպատակը հայ հասարակության միասնականությունը խաթարելը, մարդկանց թիմերի բաժանելը, ատելություն սերմանելն է»։

«Մենք պետք է ավելի խելոք լինենք և թույլ չտանք, որ նրանց կողմից հնչող որևէ հայտարարություն ներազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Սակայն Ալիևը պետք է լավ իմանա, որ իր նմանատիպ հայտարարություններով չի կարողանալու նպաստել մեր պառակտմանը»,- շեշտեց բանախոսը:

Թևան Պողոսյանը նկատեց՝ պետք է պատրաստ լինել, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ հակառակորդ կողմը սահմանին սադրանքների կդիմի, սակայն հայկական բանակը համապատասխան սցենարներ ունի. «Զինված ուժերն ամուր են, պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալու»:

Անդրադառնալով համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցին՝ Պողոսյանն ասաց, որ իրեն հետաքրքրում են ոչ թե անձինք, այլ երևույթն ընդհանրապես՝ ազգային անվտանգության տեսանկյունից. «Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, մեր թշնամիները քնած չեն: Ինձ համար ամենագլխավոր խնդիրն այն է, որ ինչ անենք, որպեսզի գաղտնալսում՝ որպես երևույթ, այլևս տեղի չունենա»։

Տեսանյութեր

Լրահոս