«Միայն Նիկոլ Փաշինյանն է, հա՛մ խոսում է, հա՛մ կատարում է, հա՛մ ոչնչացնում է, հա՛մ գնում է առաջ». Գալուստ Սահակյան
«Ո՞վ է սպառնալիքով խոսում, Ռոբերտ Քոչարյա՞նը։ Ռոբերտ Քոչարյանի վրա գործ են ստեղծել, հըլը ինքն է սպառնալիքով խոսո՞ւմ։ Ասում է իր կարծիքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան դիտարկման, թե Ռոբերտ Քոչարյանը սպառնալիքով է խոսում։
Հարցին՝ այսինքն շինծո՞ւ գործ է, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չգիտի՝ ինչի մասին է խոսքը։
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Հայաստանում նոր բռնապետ է ի հայտ գալիս, Գ.Սահակյանը չի լսել։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին դուք բռնապետ համարո՞ւմ եք, Գ.Սահակյանը պատասխանեց. «Չեմ կողմնորոշվում, որովհետև ըստ էության ամբողջ դաշտում իբրև թե կառավարություն ունենք, բայց միայն Նիկոլ Փաշինյանն է, հա՛մ խոսում է, հա՛մ կատարում է, հա՛մ ոչնչացնում է, հա՛մ գնում է առաջ։ Այսինքն՝ այն խնդիրը, որը վերաբերում է պետական իշխանությանը, դեռևս Հայաստանում չի զգացվում»։
Հարցին՝ մի՞թե ՀՀԿ-ի իշխանության ժամանակ Սերժ Սարգսյանը չէր հրամաններ տալիս, Գ.Սահակյանը պատասխանեց, որ, իհարկե, Սերժ Սարգսյանը հրահանգներ տալիս էր՝ ըստ իր «քաղաքական կարողության և ըստ իր պաշտոնի», այսինքն՝ յուրաքանչյուր անձնավորություն ըստ Սահմանադրության՝ իրավունք ունի նաև միջամտելու ընդհանուր գործերին.
«Սերժ Սարգսյանը երկրի նախագահն էր, և նա իրավունք ուներ իր կարծիքը հայտնել, ասել, քննարկել, մինչդեռ ասեմ՝ Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումը որևէ հարց լուծելու՝ բավականին մեծ քննարկումներ էր տեղի ունենում»։
ԵԽ ԽՎ ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ առաջիկա մոնիտորինգի կապակցությամբ Գ.Սահակյանը նշեց, որ ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան. «Ես չեմ կարծում, թե իմ նկատմամբ էլ պիտի ճնշում լինի, որովհետև նույնիսկ, եթե ճնշում լինի, էլի չեմ համարի որպես ճնշում»։
Ըստ նրա՝ ինքը չի հասկանում՝ Հայաստանն այսօր ո՞ր ուղիով է գնում, Նիկոլ Փաշինյանի հետ եկած անձինք ունե՞ն այն ներուժը, որ երկիրն առաջ տանեն։
«Ես չեմ տեսնում երկրում տնտեսական զարգացում, չկա այդ գաղափարախոսությունը։ Կա մարդիկ բռնել, որոնք կոռուպցիայով են զբաղվել, և ամբողջ ապարատը զբաղված է այդ գործով։ Այլ գործողություն չկա։ Հենց լինի, կխոսեմ նաև այդ մասին»,- ասաց Գ.Սահակյանը՝ պնդելով, թե անցած 10 տարիներին ՀՀԿ-ն երկիրը բոլոր ուղղություններով զարգացրել է։