Հուշարձանների վերականգնման համար ՀՀ մշակույթի նախարարությունը օտարերկրյա գործընկերների հետ է համագործակցում
Հայաստանի Հանրապետությունում կա շուրջ 2500 հուշարձան: Բոլոր հուշարձաններն էլ պահպանության և վերականգնման կարիք ունեն: Եթե ՀՀ մշակույթի նախարարությանը հուշարձանների համար հատկացվող ողջ գումարը բաժանվի 2500 հուշարձանի միջև, ապա դրանցից յուրաքանչյուրին տարեկան հնարավոր կլինի հատկացնել տասը հազար դրամ: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Երբ խոսում ենք սահմանափակ, սուղ բյուջեի մասին, իսկ գիտենք, որ հուշարձանի պատշաճ վերականգնումը, վերակառուցումը բավականին մեծ գումար է պահանջում, հասկանում ենք, որ պետք է ըստ առաջնահերթությունների առաջ շարժվել: Սկսել ենք ակտիվ աշխատել Իտալիայում գործող վերականգնողական տարբեր կենտրոնների հետ, որտեղ լավագույն մասնագետներն են ներգրավված: Համագործակցում ենք ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Միայն ՀՀ մշակույթի նախարարության բյուջեով սահմանափակվելու դեպքում չնչին գործ կկատարվի: Հետևաբար, պատրաստվում ենք հնարավորինս շատ գործընկերների ընդգրկել այս հարցի լուծման մեջ»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով` կարևոր է նաև, որ ամեն քաղաքացի գիտակցի մշակութային հուշարձանների արժեքը և ավելի հոգատար վերաբերվի բոլոր հուշարձաններին, քանի որ պարզ է, որ հաճախ դրանց վնասման պատճառներն արհեստական են: