«Նա չգիտես՝ ինչու սկսեց գոռգոռալ մեր վրա. Մենք ի՞նչ կապ ունենք, այ ախպեր». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ անհրաժետություն կա, որպեսզի ԱԺ-ն ստեղծի քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման և նրանց զրույցի բովանդակության հարցով:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Է. Շարմազանովը նշեց, որ այդ հանձնաժողովը կստեղծվի շուտով:
«Դրա կարիքը կա, քանի որ մենք տեսանք, որ գործ ունենք զանգովի և ընտրովի արդարադատության հետ: Ինչքան էլ հարգելի պարոն վարչապետն ասում է, որ ինքը կապ չունի որևէ քրեական գործի հետ, դատավորներին չի զանգում, չի խառնվում արդարադատության խնդրին, այդ ձայնագրությունից պարզ դարձավ, որ թե՛ ՀՔԾ, թե՛ ԱԱԾ պետերը իրենց լիազորությունների շրջանակներում չեն գործում:
Եվ փաստորեն, մարդկանց նկատմամբ խափանման միջոցը որոշում են այսպես՝ Ռուսաստանի հետ բարիշել են, թե չեն բարիշել, նստացնեմ երկու օր, նոր կխոսի, դուխով ա, թե դուխով չի, ուզած-չուզած պետք ա կալանքի վերցնի, վարչապետը տեղյակ ա, մի հատ վարչապետի հետ խոսի: Ես ունեմ լուրջ մտահոգություններ և ցանկանում էի երեկ վարչապետից ստանալ այդ պատասխանները»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նաև հավելեց, որ երեկ Փաշինյանի կողմից ինքը լսել է փաստերի մանիպուլյացիա.
«Նա չգիտես՝ ինչու սկսեց գոռգոռալ մեր վրա: Մենք ի՞նչ կապ ունենք, այ ախպեր»:
Անդրադառնալով Ն.Փաշինյանի հանձնարարականին՝ զինաթափել օլիգարխների թիկնազորին, Է.Շարմազանովը նշեց, որ եթե նման տեղեկություն կար, պետք է վաղուց զինաթափեին.
«Վարչապետը շատ լավ գիտակցում է, որ տեղի է ունեցել խայտառակություն և փորձում է գնդակն ուղարկել ուրիշ դաշտ: Այո, կա երկու էպիզոդ, առաջինը՝ գաղտնալսումը խայտառակություն է և մտահոգիչ, բայց մեր վրա չպետք է մուննաթ գար, մենք ի՞նչ անենք: Երկրորդ՝ բավանդակությունը խայտառակություն է»: