«Ծառուկյան» խմբակցության պատգամավորը ոստիկանության ուշադրություն է հրավիրում ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը երեխաներին ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի վրա հրավիրեց ինչպես ԱԺ գործընկերների, այնպես էլ ոստիկանության ուշադրությունը: Պատգամավորն ԱԺ ամբիոնից նման ելույթով հանդես եկավ սեպտեմբերի 11-ին:
«Վերջերս անընդհատ զանգեր եմ ստանում երեխաների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներից: Ահազանգում են նաև բազմաթիվ ծնողներ՝ ինքնասպանության դրդող համակարգչային խաղերի մասին: Երեխաները ստանում են զանգեր, և ըստ դրանց պետք է կատարեն որոշակի գործողություններ: Հետաքրքրվել եմ նաև փորձագետներից՝ դրանց ստեղծման մասին հստակ ձևակերպումներ չկան»,- ասաց պատգամավորը:
Ըստ այդ խաղերի կանոնների՝ տրվում են մի քանի առաջադրանքներ՝ սարսափ ֆիլմեր նայելուց մինչ ինքնասպանության դրդող արարքներ կատարելու: Նրանք, ովքեր վախենում են և ուզում լքել խաղը, ստանում են ծնողներին սպանելու սպառնալիքներ: «Ծնողներն ասում են, որ խաղերից մեկի համար զանգերն արդեն լինում են նույնիսկ հայալեզու: Հրավիրում եմ ՀՀ ոստիկանության, դպրոցների, ուսուցիչների, նաև իմ գործընկերների ուշադրությունը: Կարծում եմ՝ պետք է կատարենք բազմակողմանի գործողություններ՝ հասկանալու և կանխարգելելու այդ խաղերի տարածումը»,- նշեց պատգամավորը: