«Արդեն իսկ կան անհանգստացնող հայտարարություններ, որոնք փորձում են խաթարել արդարադատության էությունը». Կորյուն Նահապետյան

Այսօր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանից հետաքրքրվեց, թե ընտրվելուց հետո ի՞նչ քայլեր է պատրաստվում անել Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար. «Այդ թվում նաև՝ չեզոքացնելով այն վտանգավոր գործողությունները, որոնք կարող են կատարվել Վճռաբեկ դատարանի նկատմամբ՝ հանրային և քաղաքական որոշակի շրջանակների կողմից»։

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե հանրային վստահության մասով Խունդկարյանն ինչ պատկերացումներ ունի և ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել։

Ի պատասխան՝ Երվանդ Խունդկարյանն ասաց, արդարադատության հանրային վստահության վերականգնման առումով դատական իշխանությունը բավականին մեծ անելիքներ ունի՝ ի ցույց դնելու այն աշխատանքը, որ կատարվում է դատարանների կողմից.

«Դատավորը քաղաքական գործիչ չէ և պետք է զգույշ լինի թե՛ նեղ, թե՛ լայն շրջանակներում արտահայտած գնահատականներում։ Դատավորն իր այդ վարքագծով է, որ պետք է ամրապնդի դատական իշխանության հեղինակությունը և հանրության մոտ վստահություն առաջացնի դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ։ Բայց գոնե Վճռաբեկ դատարանի պարագայում պետք է զարգացնենք մեր շփումը ԶԼՄ-ների հետ»։

Ինչ վերաբերում է պատգամավորի առաջին հարցին, նա ասաց, որ, եթե կլինեն համապատասխան անհանգստացնող երևույթներ, կլինեն նաև համապատասխան արձագանքներ դրանց։

Նահապետյանն էլ նկատեց, որ արդեն իսկ կան անհանգստացնող հայտարարություններ, որոնք փորձում են խաթարել արդարադատության էությունը. «Նաև կան անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ դատական  իշխանության և դատարանի նկատմամբ, որոնց պետք է պատշաճ արձագանք լինի։ Այստեղ նաև անելիք ունի ԲԴԽ-ն, և ուզում եմ հույս հայտնել, որ դատական իշխանությունն ամեն ինչ կանի, որպեսզի արդարադատության իրականացման իր վեհ առաքելությունը կարողանա պատվով իրականացնել։ Այս գործում հատուկ ուզում եմ կարևորել Վճռաբեկ դատարանի դերը»։

Տեսանյութեր

Լրահոս