Կայացել է Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Զալկալիանիի հանդիպումը
Սեպտեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, ով Երևանում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակության կազմում:
Ողջունելով իր վրաց գործընկերոջը՝ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ հարաբերությունները՝ հիմնված դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա, և հանձնառու է գործնական քայլեր ձեռնարկել դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Այդ առնչությամբ կարևորվեց ԱԳՆ-ների միջև ոլորտային պարբերական խորհրդակցությունների և նախարարների միջև հաճախակի հանդիպումների անցկացումը: Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները մանրամասն անդրադարձան նաև բազմակողմ ձևաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարներին:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այդ կապերի դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ: Երկկողմ կապերի հետագա խորացման նպատակով առանձնակի ընդգծվեց Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի և Առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը:
Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ նոր կառավարությունը հանձնառու է ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա բարեփոխումների գործընթացի շարունակմանը՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտներում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին: Նախարարը հավելեց, որ այս ամենը կարող է նպաստել երկու հարևան երկրների միջև հարաբերությունները էլ ավելի ընդլայնելուն:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները: Այս համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով և միջազգային մանդատ վայելող ձևաչափերի շրջանակներում: