Ես մինչև այսօր դատապարտված եմ մարտի 1-ի գործով և ոչ մեկին չեմ մեղադրում, թե ինչու իմ գործը չեն վերաբացում․ Փաշինյանը՝ հակադարձում է Շանթ Հարությունյանին. Para TV

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շանթ Հարությունյանի հայտարարություններին, որոնք վերջինս հնչեցրել է սեպտեմբերի 8-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացած ասուլիսի ընթացքում, գրում է armlur.am-ը:

«Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որպեսզի իր գործը վերանայեն, ինչպես դա արել է մարտի 1-ի գործի դեպքում՝ ՀՀ վարչապետը պատասխանեց, որ Շանթ Հարությունյանը կարող է իր փաստաբանների միջոցով ցանկացած իրավական ընթացակարգ սկսել:

«Այսօր Հայաստանի օրենսդրությամբ որևէ սահմանափակում չկա, որպեսզի իր փաստաբանները սկսեն այն իրավական գործընթացը, որը ինքն ակնկալում է և որը կառավարության լիազորությունների մեջ չի մտնում: Ես էլի ասում եմ՝ որ պահին Շանթ Հարությունյանը կստորագրի փաստաթղթերը բաց կալանքի դուրս գալու և արձակուրդ գնալու, ինքը փաստացի կհայտնվի ազատության մեջ՝ մինչև իր հարցն ամբողջական կլուծվի, ինչպես նաև իմ հարցը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը մինչև հիմա դատապարտված է 2008թ. մարտի 1-ի գործով: «Ոնց որ թե ես ոչ ոքի չեմ մեղադրում: Թող այդ գործընթացն անցնի իրավական ընթացակարգերը, գնա Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ի հայտ գա նոր հանգամանք, իսկ նոր հանգամանքը իմ գործով չպետք է լինի այն, որ այն ժամանակ ես քաղբանտարկյալ էի, իսկ հիմա՝ վարչապետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Շանթ Հարությունյանը ցանկանում է մասնակցել սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Բայց ես առաջարկում եմ, որ ինքը ֆիզիկապես բանտում չլինի: Երբ ինքը ֆիզիկապես բանտում չլինի, մենք նաև ընդհանուր ինչ-որ լուծումներ գտնենք: Ես չեմ կարծում, թե մենք հատվածական լուծումների գնանք: Հիմա Շանթ Հարությունյանի գործով Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը, որ ազատության մեջ են, ի՞նչ, դա նրանց համար նվաստացուցի՞չ է:

Կամ ես ինչպե՞ս եմ ազատության մեջ հայտնվել: Ես էլ համաներմամբ եմ ազատության մեջ հայտնվել: Արդյոք որևէ մեկը ինձ արդարացրե՞լ է, ներողությո՞ւն է խնդրել ինձանից կամ ասել, որ ինձ սխալ են դատապարտել: Ես հայտնվել եմ ազատության մեջ, շարունակել եմ իմ քաղաքական պայքարը և շարունակել եմ նաև իրավական պայքարը իմ արդարացման համար: Բայց ինչպես ինքս ինձ համար վարչապետի լծակը չեմ օգտագործում և ասեմ գնացեք հիմա ինձ արդարացրեք, նույն կերպ չեմ պատրաստվում այդ լծակը օգտագործել ինձ համար հարգելի մարդկանց համար, որովհետև դրանով մենք օրենքի գիծը հատած կլինենք: Եվ, եթե մենք ուզում ենք, որ ես զանգեմ դատավորներին հրահանգներ տամ, ես չեմ ուզում դա անել»:

#ParaTV

Ես մինչև այսօր դատապարտված եմ մարտի 1-ի գործով և ոչ մեկին չեմ մեղադրում, թե ինչու իմ գործը չեն վերաբացում․ Փաշինյանը հակադարձում է Շանթ Հարությունյանին YouTube https://youtu.be/qjazokK_XmM#paratv

Gepostet von PARA TV am Sonntag, 9. September 2018

Տեսանյութեր

Լրահոս