
Հայաստանի հարաբերությունները որևէ ուղղությամբ չեն կարող զարգանալ ի հաշիվ ՌԴ- ի հետ հարաբերությունների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանը և Ռուսաստանը բարձր մակարդակի հարաբերություններ ունեն ու հույս հայտնում, որ այդ դինամիկան կշարունակվի: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սա չի նշանակում, թե Հայաստանը չի շարունակելու զարգացնել հարաբերությունները մյուս գործընկերների հետ:
«Մենք բավականին ընդարձակ քաղաքականություն ենք վարում: Ես մյուս շաբաթ պլանավորում եմ աշխատանքային այցով մեկնել Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ: Մյուս շաբաթ պատրաստվում եմ ընդունել Վրաստանի վարչապետին, վերջերս Գերմանիայի կանցլերն էլ այցելել Հայաստան: Պատրաստվում եմ մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքներին»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պարզ է, որ այս հարաբերությունները մեկը ի հաշիվ մյուսի չեն զարգանալու: «Առավելևս, որևէ ուղղությամբ մեր հարաբերությունները չեն կարող զարգանալ ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների: Կարծում եմ, որ բոլորիս համար ակնհայտ է, որ նման բան չի կարող տեղի ունենալ»,- ընդգծեց Փաշինյանը: