«Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում, նա իր դերի մեջ է». Շանթ Հարությունյան
«Հիմա Ռուսաստանի դիրքերը բավականին թուլացել են միջազգային ասպարեզում, դրա համար մտածում է՝ Հայաստանի դրածոներին հանձնարարություն տա, ասի՝ մի ձև գտեք, Շանթի կարծիքը կարևոր չէ, որ ինքը գիտի՝ ռուսները պատվեր են տվել, դուք էլ կատարողն եք, կարևորը՝ ժողովուրդը դա չիմանա, իսկ որպեսզի չիմանա, դուք ժողովրդի մեջ տարածեք, թե Շանթին ազատում եք, բայց Շանթը կզրկվի այն բուն գործունեությունից, ինչի համար բանտում է հայտնվել, ուղղակի մեթոդն ավելի կնրբացնենք»,- այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ վիրավոր գազանի պես Ռուասաստանն իրեն պատեպատ է խփում. «Բայց ժողովուրդը կասի՝ այ մարդ, փողոցում Շանթին տեսնում եմ, բա ինչի՞ ԱԺ ընտրություններին չի մասնակցում։ ԿԳԲ-ն իր ագենտուրայով հո չի՞ ասի, որ Շանթը պատժի տակ է, կասի՝ հաշվել է, տեսել է՝ մի տոկոս ձայն չունի, չի մասնակցում։ Ես ԿԳԲ-ին այդ շանսը տամ, որ նման մանիպուլյացիա անի՞։ Նախ, որ Փաշինյանն ասում է, թե չի միջամտելու, որովհետև կնմանվի նախորդ ռեժիմին, բայց նախորդ ռեժիմին նմանվելու համար միջամտություն չէ դա ցույց տալու, բոլորն էլ իրավունք ու պարտավորություն ունեն միջամտելու, ուղղակի՝ միջամտել ապօրինությո՞ւն իրականացնելու, թե՞ արդարություն վերականգնելու համար։ Նա երևի չի էլ հասկացել, որ քաղաքական իշխանությունը ոչ թե սխալ է անում, որ միջամտում է, այլ ապօրինի միջամտությունն է պետք արգելել։
Կամ էլ միտումնավոր հերթական մանիպուլյացիան է անում։ Կամ եթե չի միջամտում, էդ ո՞նց եղավ, որ Մարտի 1-ը, Քոչարյանին բացեցին, Քոչարյանի նշանակած դատավորները մի օր արդարադատ դարձան, ասացին՝ Փաշինյան ջան, ինչ լավ է, որ չես միջամտում, մենք ուզում էինք Քոչարյանին ձերբակալել, Սերժը միջամտում էր, դե, որ չես միջամտում, մենք կարող ենք ձերբակալել։ Ոչ, դա Նիկոլ Փաշինյանն է ասել»։
Հարությունյանը նկատեց՝ 10 տարվա վաղեմություն ունեցող Մարտի 1-ի գործը կարող են հետքննությամբ վերանայել, իր գործը, որը 5 տարի առաջ է եղել, որտեղ էլ, ըստ նրա՝ օպերատիվնիկները կեղծ տեղեկություններ են սարքել, որ կոնֆլիկտ սարքեն, չե՞ն կարող վերանայել. «Այսօր Նիկոլը ճիշտ է անում, որ բացահայտում է այդ սարքոցիները, բա թող նոյեմբերի 5-ինն էլ բացահայտի, թե էդ օպերատիվնիկներն ինչ գործ ունեին խաղաղ ցուցարարների մեջ, եթե կեղծ տեղեկություններ չեն եղել։ Թե՞՝ որ գործի մեջ քաղաքական շահագրգռվածություն ունի, ուզում է բացահայտել, որում ոչ՝ ոչ։ Ինձ ասում են, որ Վանեցյանն ուզում է հեռախոսով առաջարկել, որ բաց ռեժիմ դուրս գամ։
Ասում եմ՝ Վանեցյանն ո՞վ է, էն կինոյի տղե՞ն, ասում են՝ դե, մեր ղեկավարն է, նման բան մի ասա։ Ասում եմ՝ իմ համար ինքն ու Գորիկ Հակոբյանը մեկ են։ Ես իրեն գիտեմ՝ որպես ԿԳԲ-ի պետ, որպես իմ թշնամի։ ԿԳԲ-ի պետն ինձ ի՞նչ պետք է առաջարկի։ Չնայած՝ ես գիտեմ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարում, նա իր դերի մեջ է, այլ ղեկավարում է ռուսական ԿԳԲ-ն, ու դա Վանեցյանի ասածն ապացուցում էր»։