«Դա սազական չէ մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, պետության ղեկավարին». Շանթ Հարությունյանը կշտամբեց Նիկոլ Փաշինյանին

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական  հիմնարկում։ Հարությունյանն ասաց, որ ասուլիսի կազմակերպման երևույթն ապացուցում է, որ ժողովրդին անհրաժեշտ է ոչ միայն իշխանություն, այլև ընդդիմություն. «Փաշինյանի այս քայլն ապացուցեց, որ ընդդիմության առկայությունը երկրում ոչ միայն անհրաժեշտ է, այլ իշխանությանն օգնող ֆակտոր է։ Նախորդ իշխանությունների ժամանակ ինչ ասում էինք, բանի տեղ չէին դնում»։

Շանթ Հարությունյանն ասաց, որ, եթե ինքը լիներ հեղափոխություն իրականացնողը, անմիջապես համաներում կիրականացներ. «Եթե մարդիկ կասեն, թե դրանք հանցագործ են, ապա նախ՝ եթե ռեժիմն ինքը հանցագործ է, մարդը գուցե հակված չէ հանցագործ լինել, բայց պայմաններն են բերում դրան։ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է օգնել քաղաքացուն, որ ձայնը չվաճառի, չգնա ապօրինության, այդ քաղաքացիներից մեկն էլ էս մարդիկ են։ Ես «համաներում» բառը հենց լսում եմ, ուզում եմ հասկանալ կալանավորների՞ն են թողնում, բայց ինչ-որ հարկերի մասին են խոսում։ Հեղափոխության ճակատին պետք է գրված լինի՝ հումանիզմ։ Որևէ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, պետության  արժեքները ճանաչելու համար մարդիկ գնում են այդ երկրի բանտերն ու հիվանդանոցները»։

Ինչ վերաբերում է ասուլիսի հրավիրման բուն նպատակին, Հարությունյանն ասաց, որ, երբ ասել է, թե հավասար պայմաններ չունի, ուզել է ասել, որ վարչապետի կողմից ճիշտ չէ համեմատություններ անել. «Առավել ևս ընկերներին ընկերների հետ հակադրել, որ ասաց՝ առաջարկել է երեք հոգու, երկուսն ընդունել են իր առաջարկը, Շանթը չի ընդունել։ Ես ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, նախորդ ռեժիմի դեմ պայքարելով հանդերձ, վարակի պես բացասականը տարածվում է։ Երբ Նիկոլը սկսեց հեղափոխությունը, իր երկու ընկերները՝ Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը, չեն միացել հեղափոխությանը, բայց Փաշինյանը դրանից կարող է՝ ցավ զգաց, բայց շարունակեց պայքարել։

Ես համոզված եմ, որ Փաշինյանը ցավ զգաց։ Այսինքն՝ նույն երևույթն է, ոչ թե իրեն ասում էին՝ այլ ընդդիմադիրները չեն միացել հեղափոխությանը, այլ կոնկրետ հղում էին անում իր երկու գործընկերներին։ Երբ հեղափոխությունը մոտենում էր հաղթական ավարտին, նա արգելեց մարդկանց խոսափողին մոտենալ, այդ իր երկու ընկերներին, և ես դա դիտեցի ցուցիչ, ուրեմն՝ ինքը նեղված է, դա բնական է։ Հիմա, եթե նա դա ապրել է, իրեն ո՞նց է թույլ տալիս իմ բանտի երկու ընկերներին հղում անելով… անուղղակիորեն դա նուրբ մանիպուլյացիա է։ Միանգամից չէ, որ սրիկայանում են։

Չի կարելի, դա էլ թող լինի իմ կշտամբանքը Նիկոլ Փաշինյանին, որովհետև դա սազական չէ մարդուն, առավել ևս՝ տղամարդուն, առավել ևս՝ պետության ղեկավարին, որը, եթե ինչ-որ մեկի հետ հարցեր ունի, մյուս երկուսին է հղում անում։ Սա իրեն՝ որպես դիտողություն»։

Տեսանյութեր

Լրահոս