Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատարանի որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց:
Հայկ Սարգսյանի պաշտպանը ողջամիտ ժամկետ խնդրեց ՝ դատարանին ինքնաբացարկի միջնորդութուն ներկայացնելու համար: Դատարանը 15 րոպե տրամադրեց: Ընդմիջումից հետո պաշտպանն ասաց, որ դատարանի կողմից տրամադրված «ողջամիտ» ժամկետը չբավարարեց, որ կարողանա իր հիմնավորումները ներկայացնել. «Դատարանը շտապում է րոպե առաջ կալանքի որոշում կայացնել, ես հորդորում եմ ողջամիտ ժամկետ տրամադրել»:
Այնուհետև Երեմ Սարգսյանը հարց ուղղեց դատարանին՝ պաշտպանի ներկայությունը արդյոք պարտադի՞ր է դատական նիստին ներկա գտնվել: Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը պատասխանեց՝ տպավորություն է ստեղծվում, դատարանը պետք է պատասխանի ձեր հարցերին:
Երեմ Սարգսյանը ցանկացավ լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ իրեն պաշտպանություն իրականացնելու հնարավորություն չի տրվում դատարանի կողմից: Դատարանը մեղադրյալ Հայկ Սարգսյանին հարցրեց, թե համաձա՞յն է, որ պաշտպանի բացակայությամբ նիստն ընթանա, Սարգսյանն էլ բացասական պատասխան տվեց: Դատարանն էլ ասաց, որ պաշտպանը չի կարող լքել նիստերի դահլիճը:
Դատախազ Առաքելյանն էլ առարկեց Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը՝ այլըտրանքային խափանման միջոցով փոխելու վերաբերյալ միջնորդությանը: Այնուհետև հիմնավորեց. «Փաստենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում ոչ միայն առկա է կասկածը, որ հնարավոր է խոչընդոտվի ամբաստանյալի կողմից գործի քննության ընթացքին, այլև դեռ 2007-ին ինչպես Հայկ Սարգսյանի, այնպես էլ հարազատների կողմից ճնշումներ են գործադրվել դեռ տուժողի գործով վկայի նկատմամբ, ինչի հետևանքով դեռ այն ժամանակ չի բացահայտվել իրական հանցանք կատարած անձը: Այս հանգամանքները բավարար են, որ դատարանը Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը թողնի նույնը»:
Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Հայկ Սարգսյանի ընկերները գրավի հարցով պատրաստակամություն հայտնել են. «Մենք պատրաստ ենք վճարել այնքան գումար, որքան օրենքով է սահմանված՝ ողջամիտ ընդունված պրակտիկայի համաձայն»:
Դատախազը հայտնեց՝ գրավի կիրառումն անթույլատրելի է:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին: