«Ընտրվելու պահից անցնելու ենք տրանսպորտի խնդրի լուծմանը». Անահիտ Թարխանյան

«Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ իրենց ծրագրի մի մասը կազմում է բավականին մեծ առաջարկ՝ կապված օրենսդրական փոփոխության հետ. «Մենք տեսնում ենք, որ հանրությունն ու քաղաքական ուժերը ոչ հավասար պայմաններում են գտնվում՝ առաջնությունը տրված է քաղաքական ուժերին։ Բայց ողջ աշխարհում համայնքները, քաղաքները կառավարվում են հանրության կողմից։ Մարդիկ պետք է հստակ ճանաչեն՝ ում են ընտրում, ոչ թե դաշինքի միջոցով ընտրեն իրենց վստահած անձանց»։

Թարխանյանի խոսքով՝ կայուն քաղաքն իր մեջ պարունակում է հիմնական սկզբունքներ՝ կապված քաղաքաշինական խնդիրների, սոցիալական խնդիրների լուծման հետ. «Մենք շատ ենք խոսում տրանսպորտի արդիականացման մասին, որը հնարավոր չէ՝ առանց կարևոր խնդիրներ լուծելու։ Պետք է բերել օպերատոր, տրանսպորտի կառավարման մոդել, որը 40 տարի ամբողջ աշխարհում դրված է։ Հասարակական տրանսպորտի օպերատորների բացակայությունը ժամանակակից քաղաքում հավասարազոր է կապի օպերատորների բացակայությանը։ Մինչև հիմա դա չի իրականացվել, որովհետև տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչները երթուղայինների գծատերեր են ու դեմ են նման գործնական հարցերի լուծմանը։ Մենք ընտրվելու պահից անցնելու ենք այդ խնդրի լուծմանը»։

Նրա դիտարկմամբ՝ հնարավոր չէ իրականացնել քաղաքի բեռնաթափումը՝ առանց քաղաքի գլխավոր կենտրոնի շուրջ օղակաձև ճանապարհների կառուցման. «Քաղաքի մի ծայրից մյուսն անցնող ցանկացած տրանսպորտային միջոց անցնում է քաղաքի կենտրոնով»։

Թարխանյանն ասաց, որ ընդհանրապես արգելելու են շինարարությունը Փոքր կենտրոնում. «Ունենք այն վիճակը, որ ելնելով ինչ-ինչ սխեմաներից՝ երկար տարիներ կառուցապատվել է Երևանի կենտրոնը, ոչնչացվել են ներբակային տարածքները, մեծ հարված է հասցվել կանաչ զանգվածներին։ Քաղաքի կենտրոնի ոռոգման համակարգը վատ վիճակում է, այգիները չեն ջրվում, չեն մշակվում»։

Տեսանյութեր

Լրահոս