«Կարևոր է Րաֆֆի Հովհաննիսյանի անցած քաղաքական ուղին. փորձված թանն անփորձ մածունից լավ է». Արմեն Մարտիրոսյան

««Ժառանգության» փորձը սկզբունքային փորձ է, սկզբունքային, ազնիվ, շիտակ պայքար է եղել, և դա պետք է շարունակվի։ «Ժառանգությունը» կուսակցություն է, որը պարզ ճակատով կարող է կանգնել և ասել, որ նախորդ իշխանություններին չի վաճառվել, քաղաքացու շահն է պաշտպանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակի անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք ներկայացնելու են իրատեսական ծրագիր. «Բայց միայն ծրագիրը չէ, կարևոր է ուժի առաջին համարի, այս դեպքում՝ Րաֆֆի Հովհաննիսյանի անցած քաղաքական ուղին. փորձված թանն անփորձ մածունից լավ է։ Մեր քաղաքացիներն իրենց պապերի և տատերի այդ խորը իմաստությունը կընդունեն, և «Ժառանգությունը» կունենա իր ներդրումը Երևան քաղաքի զարգացման գործում»։

Նա նշեց, որ, եթե ՀՀ ԱԺ-ն պատրաստ է «Ժառանգություն» կուսակցությանը տալ օպերատիվ հետախուզական լիազորություններ և դրան համապատասխան՝ բյուջեում հատուկ տողով նշել, որ «Ժառանգություն» կուսակցությանն այդ գործունեությունը ծավալելու համար կֆինանսավորի, այդ դեպքում իրենք իրենց ապացույցները կներկայացնեն և կասեն՝ այն, ինչ լուրերի շրջանակով պտտվում է, փաստական հի՞մք է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում  «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրական խախտումների կամ հանցավոր գործողությունների վերաբերյալ ահազանգեր են ստանում, սակայն դրանց վերաբերյալ իրավապահ մարմիններին կհայտնեն, եթե «տեսնեն, որ դա համակարգային բնույթ է կրում»: ՀՀ գլխավոր դատախազի Գոռ Աբրահամյանն էլ արձագանքել էր՝ հորդորելով Մարտիրոսյանին՝ ընտրական բնույթի հանցագործության մասին կոնկրետ տվյալների տիրապետելու դեպքում դրանք անհապաղ տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազություններին կամ ՀՀ իրավապահ մյուս մարմիններին:

«Մենք օպերատիվ հետախուզական գործունեության իրավունք չունենք, և քանի որ համոզված ենք, որ դրանք հենց տվյալ կուսակցության ղեկավարների կողմից իրականացվող քայլ է, ոչ թե սադրանք, դրա համար անուն չենք տալիս»,- պարզաբանեց Մարտիրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս