«Հարգում ենք բոլորին, չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է». Րաֆֆի Հովհաննիսյան

«Մենք մասնակցում ենք ընտրություններին, որ տանք Երևանին այլընտրանք` համաշխարհային նշանակության քաղաք դառնալու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք բարին ենք մաղթում բոլոր բարեկամ մրցակիցներն, հարգում ենք բոլորին, չենք համարում, որ որևէ մեկը գոյություն չունի կամ գունավորված է»,- ասաց նա և հույս հայտնեց, որ կլինի ընտրություն, որի արդյունքը վստահելի կլինի հասարակության համար, ինչն, ըստ նրա՝  ավելի կարևոր է, քան, թե որ ուժը կանցնի:

Նա կարևորեց նաև Երևանի խնդիրների համապարփակ վերլուծական գույքագրումը: «Մենք հանձնառություն ենք վերցնում, որ ավագանիում լինելուց հետո առաջնորդվելու ենք վերկուսակցական քաղաքացիական մոտեցմամբ, ինչը նշանակում է, որ չի լինելու որևէ հարց, որ լուծվելու է առանց մասնագիտական խմբերի և շահառու քաղաքացիների անմիջական մասնակցությամբ»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ծայրահեղ պիտակավորումներից զերծ կլինի պայքարը, թեև լեզվի սայթաքումներ կարող են լինել:

«Ոչ մեկ չունի ճշմարտության մենաշնորհը և ոչ մեկը հեղինակային իրավունք չունի հայ ժողովրդի վերելքի, հայոց ոգու ժայթքման: Մեր ձեռքը այս պահից մեկնելու ենք բոլոր մրցակից ուժերին, որ երևանցու ընտրությունից հետո միասին համագործակցելով՝ ներկայացնենք մի նոր կառավարման եղանակ` վերկուսակցական»,- նշեց Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս