«Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն». Վալերի Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին
«Հայաստանի Հանրապետությունում որևէ աշխատավարձով չես կարող գնել նման առանձնատուն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ոստիկանի աշխատավարձով գնել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպիսին ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, Վ.Օսիպյանը հորդորեց հարցն ուղղել կառուցողին կամ սեփականատիրոջը. «Միգուցե այլ… չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ «Հետքում» հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ: