
Լոնդոնը հրաժարվել է տրամադրել Սկրիպալների գործով կասկածյալների մատնահետքերը. ՌԴ արտգործնախարարություն

Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն Ռուսաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լոնդոնը չի տրամադրի Սկրիպալների գործով կասկածյալ երկու տղամարդկանց մատնահետքերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:
«ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը խնդրել է Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին տրամադրել երկու տղամարդկանց մատնահետքերը, որոնց Լոնդոնում կասկածյալ են անվանել Սոլսբերիի գործով և կապել Ռուսաստանի հետ: Դեսպանը հայտնել է, որ բրիտանական կողմը չի տրամադրի այդ նյութերը»,- նշել է դիվանագետը:
Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ գրոհի համար պատասխանատու են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Նա նշել Է, որ հանցագործությունը կատարել են երկու ռուսաստանցիներ՝ ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ, որը հայտնի Է նաեւ որպես ԳՀՎ:
«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկատվության վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկավ այն եզրակացության, որ այդ երկու մարդիկ, որոնց անունները նշել են ոստիկանությունը եւ Թագավորական դատախազական ծառայությունը, ռուսական ռազմական հետախուզության ծառայողներ են»,-ասել Է նա: Բրիտանական կառավարության ղեկավարը նաեւ նշել է, որ գործողությունն ամենայն հավանականությամբ արտոնված է եղել Կրեմլի կողմից: