«Ամենաշատ դեմ քվեարկող պատգամավորը Արամ Սարգսյանն է»

«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն ասաց, որ խորհրդարանն այս նստաշրջանում ընդունել է 314 օրենք, ինչը, ըստ նրա՝ տարբերվող թիվ է, այդպիսի թիվ մոնիտորինգը երբեք չի գրանցել.

«Սա մոտավորապես 3 անգամ ավելի է, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը։ Կարևորագույն օրենքներն ընդունվել են առանց լուրջ քննարկումների։ Ուշագրավ է, որ որևէ խմբակցություն այս հարցը չի բարձրացրել։ Կառավարություն-ԱԺ հարաբերակցությունը նույնն է, ինչ հեղափոխությունից առաջ. նորից օրենքների 90 %-ը հեղինակում է կառավարությունը, 10 %-ը՝ խորհրդարանը։ Արտահերթերը նորից նախաձեռնում է կառավարությունը, խորհրդարանական խմբակցությունները գրեթե չեն օգտվում այդ գործիքից»։

Նրա խոսքով՝ արտահերթ նստաշրջաններում օրենքների քանակն է պակասել, հիմա ավելի փոքր օրակարգերով են արտահերթ նիստեր լինում. «Նստաշրջանում 7 արտահերթ նիստ է հրավիրվել, բոլորը՝ կառավարության կողմից։ Պատգամավորների հեղինակած 50 օրենքից ընդունվել է 16-ը»։

Ինչ վերաբերում է ակտիվության ցուցանիշներին, ապա այս նստաշրջանի տվյալներով՝ խորհրդարանի ամենաակտիվ խմբակցությունը «Ծառուկյան» խմբակցությունն է դարձել. «Նախորդում «Ելքն» էր, որը փոքր-ինչ զիջել է դիրքերը։ Ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը շարունակում է մնալ ՀՀԿ-ն, որը գրեթե չի փոխել քվեարկությունների տրամաբանությունը մինչև հեղափոխությունը և դրանից հետո։ Ամենաշատ դեմ քվեարկածը «Ելքն» է։ Նստաշրջանի ամենապասիվ խմբակցությունը ՀՅԴ-ն է։ Լուռ պատգամավորների թիվը կայուն դիրքերով է՝ մոտ 40 հոգի. նրանք միայն քվեարկում են և քննարկումներին չեն մասնակցում։ Ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները ՀՀԿ-ականներ են, իսկ ամենաշատ դեմ քվեարկող պատգամավորը «Ելքից» Արամ Սարգսյանն է»։

Տեսանյութեր

Լրահոս