«Այս մարդիկ ոչ թե հայրենիք են պատկերացրել, այլ խոպան են եկել ու ուզել են հարստանալ». Դավիթ Սանասարյան
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, ասաց, որ իրենց ուսումնասիրություներով՝ ամենախայտառակ չարաշահումները տեղի են Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում:
«Նախնական տվյալներով՝ ԲԷՑ-ը պետական բյուջե կվերադարձնի 140 միլիոն դրամ, իսկ 40 միլիոն դրամով էլ նվազեցնելու ենք նախահաշվային արժեքը: Նրանք ընդունել են, որ պատրաստ են վերադարձնել պետբյուջե: Իրենք ինքնակամ եկել են, ասել են՝ ուզում ենք վերադարձնենք: Ջնջել էին բոլոր տրանսֆորմատորների տվյալները և գրիչով նորից գրել: Մոտ 300 միլիոն արժողության տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 միլիոնով լիկվիդարցրել էին, և ոստիկանության հետ համատեղ մենք դա գտանք «Միկմետալ» ընկերությունում»,- ասաց նա:
Սանասարյանն ասաց, որ իրենց կառույցը վերահսկողություն է իրականացրել Հայաստանի բարձրավոլտ էլեկրտացանցերում, Ոստիկանության «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկր ինվեստ» ՊՈԱԿ-ում, «Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ում:
«Ես որպես ընդդիմադիր գործիչ, միշտ պատկերացրել եմ, թե երկրի միջոցներն ինչպես են կերել, բայց ամեն օր ստանում եմ բացասական էմոցիաներ ու իմ գնահատականն է, որ ոչ թե այս մարդիկ հայրենիք են պատկերացրել, այլ խոպան են եկել ու ուզել են հարստանալ»,- ասաց Սանասարյանը:
Սանսարայանն ասաց, որ միջազգային կապալառուներից մեկի գործունեությունն են ուսումնասիրել և երեք ամսվա ընթացքում 1,5 դոլարով կիջեցնեն պայմանագրային արժեքը, սակայն հրաժարվեց մանրամասնել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ նշելով, որ կա անմեղության կանխավարկած:
«Լուսանշան» ՊՈԱԿ-ն, ըստ նրա՝ 2016-18թթ. արված խախտումների համար պետբյուջե կվերադարձնի 210 մլն դրամ. «Ոստիկանության «Ուկր ինվեստի» ընտրանքային հինգ փողոց ենք ընտրել, որից երեքում ոչինչ արված չէր, բայց գրված էր, որ արված է, ՃՈ աշպատակիցները չարված գործը ստորագրել էին՝ որպես արված գործ:
Մինչև հունիս ամիսը մոտ 30-35 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, հիմա ամփոփում ենք հուլիս ամիսը ևս: Հեղափոխությունից հետո նույնպես խախտումներ են արվել:
«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենը 100 միլիոն կվերադարձնի բյուջե: Հանցակազմ պարունակող իրավիճակներ ունենք բոլոր ոլորտներում, իրավապահ մարմինները գնահատակն կտան»: