«Ես դեմ չեմ սև ու սպիտակին, ես դեմ եմ սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն». Արայիկ Հարությունյանը՝ դպրոցական համազգեստի մասին
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դպրոցական համազգեստների թեմային։
«Ես ցավում եմ, որ այս հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, որովհետև արդեն հնարավոր լրատվամիջոց, սոցիալական ցանց կամ ժողով չի եղել, որ այդ մասին արտահայտված չլինեմ։ Իհարկե, ես դեմ չեմ սև ու սպիտակին, ես դեմ եմ սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն։ Ինչպես դեմ չես կարող լինել սև ու սպիտակին, այնպես էլ դեմ չպետք է լինես, որ երեխան և իր ծնողը որոշեն, որ այդ երեխան պետք է ազատ հագուստ կրի»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է հակափաստարկներին, նախարարը հետևյալն ասաց. «Ասում են, որ դա կարգապահության նշան է։ Ես Խորհրդային Միության ժամանակ դեռ սովորել եմ, այն ժամանակ կար սև ու սպիտակ դպրոցական հագուստ, և կարգապահը կարգապահ էր, անկարգը՝ անկարգ։ Հագուստը, համազգեստը չէ, որ երեխային պետք է կարգապահ կամ անկարգապահ դարձնի։ Երկրորդ՝ ասում են, որ դա հստակ ցույց կտա հասարակության մեջ առկա սոցիալական տարանջատումները, խնդրում եմ՝ գնացեք ցանկացած դպրոց, որտեղ չկա սահմանված ձևի հագուստ, և կտեսնեք, որ երեխաները որևէ շռայլություն իրենց թույլ չեն տալիս, գալիս են իրենց հարմար սովորական, հասարակ հագուստով։ Սա մտացածին մեկնաբանություններ են, և խնդրում եմ զբաղվել ավելի շատ ուսումնական գործառույթներով, քան նման հարցերն անընդհատ շահարկելով»։