«Նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի». Սասուն Խաչատրյանը հորդորում է սպասել դատաքննությանը
«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե բացահայտվի նախաքննության գաղտնիությունն ամբողջ ծավալով: Կան մարդիկ, ովքեր համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե այս ամենը գաղտնազերծվի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի առաջարկին՝ հանել նախաքննության գաղտնիությունը։
Ըստ նրա՝ նախաքննության գաղտնիք հանելու ընթացակարգ գոյություն չունի, սակայն այդ գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին, իսկ դատաքննության փուլում՝ դատարանում գործը քննվում է դռնբաց, եթե այն չի պարունակում պետական գաղտնիք։
Հարցին՝ Սերժ Սարգսյանն արդեն հրավիրվե՞լ է հարցաքննության, ՀՔԾ պետը պատասխանեց, թե ովքեր և երբ կկանչվեն, այդ մասին տեղեկություն կտան այն չափով, որը չի վնասի գործին։
Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքից գտնված զինամթերքի փորձաքննությունը, նրա խոսքով, դեռ չի ավարտվել։
Հակադարձելով Ռոբերտ Քոչարյանի հիմնական հակափաստարկին, թե ինքն իր կարգը ինչպե՞ս կարող էր տապալել, Ս.Խաչատրյանը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ, որը այս դեպքում, կարծում եմ, ճիշտ չէ»։
Նա նաև տեղեկացրեց, որ սահմանադրական կարգի տապալման գործը միացվել է 10 սպանությունների գործին։
Մանրամասները՝ տեսանյութում