«Մեր հորդորներն ուշ տեղ հասան». Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության նախագծի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց, որ ամիսներ առաջ, երբ ընտրում էին վարչապետ, ինքը մի քանի մտահոգություններ հայտնեց, որ՝ երբ նոր կառավարությունը կզգա կառավարման ծանրությունը, նա կգիտակցի, որ շատ դեպքերում հանիրավի քննադատությունների է ենթարկել նախորդ կառավարություններին.
«Սա այդ դեպքերից մեկն է, երբ այդ ծանրությունը հասկանալով, այն քննադատությունները, որոնք բերում էին նախորդ կառավարությանը՝ Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնելու ժամանակ, կարելի է երկու փաստով արձանագրել, որ նրանք կամ իրավիճակին չէին տիրապետում, կամ դա քաղաքական մանիպուլյացիա էր։ Այժմ էլ այս ուշացումը որ տեղի է ունեցել, պետք է հարգանքով վերաբերվենք՝ կառավարությունը նոր էր և իրավիճակին չէր տիրապետում»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է կառավարության ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Բաղդասարյանի խոսքով՝ օրենքն ԱԺ բերելուց առաջ պետք էր հանրային քննարկում անցկացնել, ինչպես նախորդ տարիներին է եղել. «Մեր հորդորներն ուշ տեղ հասան, և հրատապ այստեղ են բերել ու ներկայացնում են այս օրենքը։ Իհարկե, մենք այն նույն որակումները չենք տա, օրինակ՝ սա արվում է օլիգարխների, պոմիդոր ջրելու համար, դրա համար դեմ ենք քվեարկելու, ինչպես ասում էին մեր ընդդիմադիր գործընկերները։ Մենք մեր ընդդիմադիր կեցվածքը բարձր չենք գնահատում, քան պետական մտածելակերպը, և այսօր իրոք գյուղացուն անհրաժեշտ է ջուր։ Պարզապես հարց է առաջանում, թե երկու ամիս ուշացնելու դեպքում ինչ հատուցում է լինելու գյուղացիներին»։
Բաղդասարյանն ասաց, որ կողմ են քվեարկելու նախագծին՝ հաշվի առնելով այն փաստը, որ գյուղացուն չի կարելի թողնել առանց ոռոգման ջրի։