Արցախում պատերազմի հավանականության մասին խոսողները հակահեղափոխականներ չեն, դա օբյեկտիվ իրականություն է. Վահրամ Աթանեսյան. Aysor.am
Արցախի Հանրապետությունում ներքին զարգացումների, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող գործընթացների մասին Aysor.am-ը զրուցել է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահ, փորձագետ Վահրամ Աթանեսյանի հետ:
-Պարոն Աթանեսյան, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Արցախի ներքին կյանքում: Ականատես եղանք ցույցերի, հանրային բողոքի արտահայտում եղավ:
-Իրավիճակն Արցախում միշտ էլ վերահսկելի և կայուն է: Ես չեմ կարծում, թե 20-30 մարդու մասնակցությամբ ինչ-որ ակցիաները կարող են ներքաղաքական նշանակություն ունենալ: Եթե անկեղծ, ապա զարմանում եմ, որ Հայաստանի լրատվամիջոցները լուրջ ուշադրություն են դարձնում Արցախում տեղի ունեցած ակցիաներին և ինչ-որ հեռուն գնացող ենթադրություններ են անում այս թեմայի շուրջ:
-Ամեն դեպքում կար հասարակական բողոք, նույնիսկ հրաժարականներ եղան: Ըստ Ձեզ, ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Ես կդժվարանամ որոշ հրաժարականները համարել հանրային պահանջ, դա այնքան էլ այդպես չէր: Կար որոշակի մարդկանց խումբ, ովքեր կենցաղային հայտնի դեպքն առիթ դարձրեցին պահանջելու երկու ուժային կառույցի ղեկավարների հրաժարականը: Դա կարող էր տեղի ունենալ նաև առանց այդ բողոքի ակցիաների ու այսօր հստակ արտահայտված փոփոխությունների հանրային պահանջ ես Արցախում չեմ տեսնում:
Գուցե ինչ-որ ներքին խմորումներ կան, գուցե կա ներքին դժգոհություն, բայց, համենայնդեպս, այդ ամենը քաղաքական դրսևորում չի ստանում: Չկա ընդգծված քաղաքական ուժ, որին հասարակությունը միանշանակ աջակցություն հայտնի:
-Արցախի ներքին զարգացումները միշտ ուղղակիորեն կապվում են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, ի՞նչ իրավիճակ է այս առումով, ի՞նչ դիրքորոշում կա Արցախում:
-Արցախի իշխանությունները բանակցային գործընթացի վերաբերյալ ունեն հստակ դիրքորոշում, որը բազմիցս արտահայտվել է Արցախի Հանրապետության նախագահի մակարդակով, դա այն է, որ Արցախը կողմ է խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը և, որ վերադարձ անցյալի կարգավիճակին և անցյալի տարածքային կոմպոնենտին չի լինելու: Այսինքն՝ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում է այսօրվա փաստացի անկախության միջազգային ճանաչմամբ այն սահմաններում, որն ընդունելի է Արցախի ժողովրդի համար: Հայտնի է նաև միջնորդների դիրքորոշումը հարցի վերաբերյալ, բայց կողմերը չեն կարողանում գալ համաձայնության Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:
Ադրբեջանը, միանշանակ կարող ենք ասել, խնդրի խաղաղ, բանակցային կարգավորման նպատակ չունի, երբ այդ մոտեցմանը կտիրապետի Բաքվում, երբ Բաքուն պատրաստակամություն կհայտնի քննարկելու Լեռնային Ղարաբաղին հուզող հարցերը՝ դա կարգավիճակի և տարածքի հարցերն են, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին: Այսօր, ըստ էության, բանակցություններ են ընթանում բանակցություններ սկսելու շուրջ:
Ակնկալվում է սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որից պարզ կդառնա՝ արդյոք միջնորդները կարո՞ղ են նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում, թե՞ ոչ: Երբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կհանդիպեն ու Իլհամ Ալիևը բանակցությունների մեջ կմտնի Հայաստանի նոր իշխանությունների հետ, հնարավոր կլինի ենթադրություններ ու դատողություններ անել բանակցությունների հետագա ընթացքի մասին:
-Ադրբեջանի կողմից այդ բանակցությունների կամքը տեսնու՞մ եք հիմա:
-Ադրբեջանը միշտ էլ խնդրի կարգավորման մի տեսլական է ունեցել, դա ուժային կարգավորման տարբերակն է և, ցավոք սրտի, այդ մոտեցումը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի համար դաս չի եղել նաև 2016 թ.-ի ապրիլյան պատերազմը, որի ընթացքում այս երկիրը ստրատեգիական պարտություն կրեց: Ադրբեջանում ամեն անգամ նոր հնարավորություններ ու նոր մեխանիզմներ են փնտրում, որպեսզի գործի դնեն կարգավորման ուժային տարբերակը:
Այս առումով Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, և, կարծում եմ, չի փոխվելու, քանի դեռ Ադրբեջանում իշխանության է Ալիևյան ռեժիմը: Իրենք կարգավորման հարցում շեշտը դնում են ուժային կոմպոնենտի վրա, դա եղել է 1988 թ. սկսած և տարբեր դրսևորումներ է ունեցել: Այսօր ուժային կոմպոնենտն արդեն հասել է ժամանակակից զինատեսակներ ձեռք բերելուն և, իհարկե, նախապատրաստմանը պատերազմի վերսկսմանը: Սա իրականություն է ու սա չպետք է թաքցնել և, պատերազմի հավանականության մասին խոսողներն ամենևին էլ Լեռնային Ղարաբաղում փոփոխությունների, ժողովրդավարացման հակառակորդներ չեն, կամ, այսօրվա տերմիններով ասած, հակահեղափոխականներ չեն: Պարզապես այդ մարդիկ ելնում են օբյեկտիվ իրականությունից, իսկ այն հետևյալն է՝ Ադրբեջանը մշտապես նախապատրաստվում է ուժային կոմպոնենտի կիրառմանը, մշտապես նախապատրաստվում է պատերազմի ու այն զսպելու գործոնը հայկական զինուժի ուժեղացումն է, հանրային կոնսենսուսի հաստատումը, համերաշխության ու սիրո մթնոլորտի ձևավորումը Հայաստանում և Արցախում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: