Բաժիններ՝

«Իսկապես պետք է լրջորեն զբաղվել ՓՀԷԿ-երով». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում:

Ըստ նրա՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը էական վնաս է հասցնում բնությանը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում: Օրինագծով ամրագրվում են ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ իսկապես պետք է լրջորեն զբաղվել ՓՀԷԿ-երով, որովհետև խոսքը ՀՀ համար ռազմավարական ռեսուրսի մասին է:
«Կարծում եմ՝ նաև իրավապահները նույնպես պետք է զբաղվեն այս խնդրով, բայց այս պրոցեսը չպետք է որևէ կերպ զուգակցվի սեփականության վերաբաշխումներով»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ պետք է իրապես համագործակցության մթնոլորտ ստեղծել, որ լուծվի 2 հարց՝ ՓՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, բնապահպանական աղետալի իրավիճակների հաղթահարման ճանապարհային քարտեզը, որպեսզի հստակ ծրագիր լինի, թե ինչ ժամկետներում ինչ խնդիրներ են լուծվելու, երրորդ ՝ օրինականության լիակատար վերականգնումը:

Ն. Փաշինյանը նշեց, որ ՓՀԷԿ-երի կողմից ջրի օգտագործման անոմալիաների հետ կապված պետք է ոչ թե սպառնալիքներ լինեն, այլ մարդիկ պետք է հասկանան, որ այդ ռեսուրսին պետք է խնայողաբար վերաբերվել: «Մենք ՀՀ-ում շատ կարևոր ենք համարում, այսպես ասած, էկո Հայաստանի հայեցակարգի շարունակական իրագործումը»,- ասաց Ն. Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս