
Երևանում բոլոր գազալցակայանները համապատասխանում են պետության հաստատած նորմատիվներին. ԱԻ նախարար Ռոստոմյան

Երևանում չկա որևէ գազալցակայան, որը չի համապատասխանում պետության կողմից հաստատված բոլոր նորմատիվներին: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախարարի խոսքով` Երևանում բոլոր գազալցակայաններն ստուգվել են, և շահագործողներին տրվել էր 2 ամիս ժամանակ՝ թերությունները վերացնելու համար:
«12 գազալցակայան թերությունը չէր վերացրել, և սահմանված կարգով աշխատանքները դադարեցվել են, սակայն այդ գազալցակայանները 2-3 օրվա մեջ խնդիրները վերացրեցին և նորից շահագործումն իրականացնելու թույլտվություն են ստացել»,- ասաց Ռոստոմյանը:
Նախարարը ընդգծեց, որ իրենք «դահիճ չեն» և խնդիր ունեն ապահովելու անվտանգությունը:
«Մարզային գազալցակայաններին նույնպես երկու ամիս ժամանակ է տրվել թերությունները վերացնելու համար»,- հավելեց նախարարը:
Նա նաև հայտնեց, որ հաշվետու ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել նաև բոլոր համալսարաններում, բուժհաստատություններում, որտեղ թերություններ են արձանագրվել, և կրկին թերությունները վերացնելու ժամանակ է տրվել: