
Սոցիալական ապահովության ծառայությունները պետք է վերադարձվեն նախարարության ենթակայության տակ. Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է սոցիալական ապահովության ծառայությունները վերադարձնել նախարարության ենթակայության տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Նախարարի խոսքով` սոցիալական ապահովության ծառայություններում կատարվող չարաշահումների մասին լուրերը մեծ ազդեցություն են ունենում նախարարության հեղինակության վրա, սակայն այդ ծառայությունները որևէ առնչություն չունեն նախարարության հետ:
«Դրանք նախարարության ենթակայության ներքո չեն: Սոցիալական ապահովության ծառայությունները կա՛մ համայնքի ենթակայության ներքո են, կա՛մ՝ մարզպետարանի: Այդ աշխատակիցները մեր նախարարության հետ որևէ առնչություն չունեն: Նրանց չարաշահումների արդյունքում խոցելի են դառնում այն խմբերը, և չարաշահվում են այն մարդկանց գումարները, ովքեր պետության հովանու ներքո են»,- ասաց Թանդիլյանը:
Ըստ նրա` այստեղ նախարարությունը ունի բացահայտ հեղինակության ռիսկ, որովհետև քաղաքացին այդ պահին չի մտածում, որ սոցիալական ապահովության ծառայությունները նախարարության հետ որևէ առնչություն չունեն:
«Ակնհայտ է, որ սա մեր հեղինակության վրա է ազդում և մենք ստիպված ենք անդրադառնալ ու հասկանալ, թե ինչպես տալ այս խնդրին լուծում: Առաջին լուծումը, որ անելու ենք՝ այդ կառույցները վերադարձնելու ենք նախարարություն, որպեսզի կարողանանք վերահսկել ռիսկը»,- ընդգծեց Թանդիլյանը: