
ՀՀ փոխվարչապետը ԵԱՏՀ նախարարի հետ քննարկել է ԵԱՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրի նախագիծը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՏՄ անդամ երկրներում գործող կենսաթոշակային համակարգերի առանձնահատկություններին, քննարկել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագիծը: Նախարար Տիմուր Ժակսիլիկովը հայկական կողմին ներկայացրել է փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները և նպատակները:
Համաձայնագրի շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունները համագործակցելու են կենսաթոշակային ապահովության ոլորտում՝ աշխատավորների համար հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ, ինչը միտված է լինելու լուծել ԵԱՏՄ երկրներում աշխատանքային ստաժի փոխճանաչման հետ կապված հարցերը: