Բաժիններ՝

Հայկական կազմակերպություններ, ճանաչված անձինք կոչ են անում իրավական բարեփոխումներ իրականացնել ԼԳԲՏ համայնքի խտրականության դեմ

ՀՀ Կառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին:

(Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումները և աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական և քաղաքական բարեփոխումներին:

«Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը»,- ասում է գրող Նենսի Կրիկորյանը: «Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից»:

Կառավարությանն ուղղված նամակի համար առիթ հանդիսացավ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ: Հարձակումը, ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:

«Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց »,- նշում է Երևանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող Սարգիս Պալխեանը: «Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ողջունելի ժեստ էր, սակայն դա մեղմ է ու բավարար չէ նշանակալից փոփոխություններ նախաձեռնելու համար»:

Հայաստանի օրենսդրությունը չի ապահովում Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքներ (տես՝ Amnesty International- ի հաշվետվությունը): Հայաստանի օրենսդրությունը չի արգելում խտրականությունը ԼԳԲՏ անձանց նկատմամբ աշխատանքի, բնակարանային կամ սոցիալական նպաստների հարցերում, ինչպես նաև չի սահմանում որպես ատելության հիմքով իրագործված հանցագործություն (hate crime) ԼԳԲՏ անձանց նկատմամբ իրականացված հարձակումները:

Նամակում մանրամասն ներկայացված է Հայաստանի կառավարությանն ուղղված կոչը.

• սահմանել օրենսդրական բարեփոխումների ժամանակացույց և օրակարգ, որպեսզի ԼԳԲՏ անձանց տրամադրվի օրենքով սահմանված հավասար իրավունքներ.

• առաջարկել ծրագիր, որը կնպաստի ԼԳԲՏ անձանց նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականությանն ու հարգանքի խթանմանը՝ հրապարակային հայտարարությունների և հանրային կրթական ծրագրերի ստեղծման միջոցով.

• հանդես գալ ԼԳԲՏ անձանց դեմ ուղղված բոլոր հարձակումները դատապարտող և մեղավորներին հետաքննելու, պատժելու և ԼԳԲՏ անձանց պաշտպանելու պարտավորությունները կատարելու հայտարարությամբ:

Այն կոչ է անում Հայաստանի քաղաքական կուսակցություններին, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպություններին, ներառյալ բոլոր դավանանքների հայկական եկեղեցիներին, հստակ արտահայտել իրենց աջակցությունը նման բարեփոխումների օրակարգին և ծրագրին, և դատապարտել ԼԳԲՏ համայնքի դեմ հարձակումները:

Հայաստանի ընտրողները, ինչպես նաև միջազգային հայկական կազմակերպությունների աջակիցները, իրավունք ունեն իմանալ, թե ինչ դիրքորոշում ունեն իրենց կուսակցություններն ու կազմակերպությունները այս հարցի շուրջ: «Հայաստանի նոր կառավարությունը շատերին հույս է ներշնչել, որ երկրում կլինեն իրական բարեփոխումներ թափանցիկության, արդարության և հավասարության հարցերի շուրջ: ԼԳԲՏ հիմնախնդիրների բարեփոխումները պետք է լինեն այս նոր խոստումների մի մասը»,- նշում է Նենսի Կրիկորյանը: «Կրոնի», «մշակույթի» և «արժեքների» վրա հիմնված հնացած և կեղծ հիմնավորումներն այլևս չեն կարող քողարկել ատելությունը, բռնությունն ու անհանդուրժողականությունը Հայաստանի ԼԳԲՏ անձանց նկատմամբ»:

Մամուլի հաղորդագրություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս