«Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած դատական ակտն առնվազն վիճահարույց է». փաստաբան

Փաստաբան Նորայր Նորիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՀՀ-ում օրինականության վերականգնման և հաստատման ուղղությամբ ընթացող գործընթացները ճիշտ են, և նույն տրամաբանությամբ պետք է շարունակել.

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ճիշտ է և հիմնավոր, Մարտի 1-ի քրեական գործով հարուցված քրեական հետապնդումը պետք է մինչև վերջ տանել, հասցնել կուլմինացիոն ավարտի։ Վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած դատական ակտն առնվազն վիճահարույց է, ակնկալում եմ, որ Վճռաբեկ դատարանն այդ գործով կհարուցի որևէ մեկի կողմից կասկած չհարուցող դատական ակտ։ Մարտի 1-ի քրեական գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես պետք է ենթարկվի քրեական հետապնդման»։

Նրա խոսքով՝ Քոչարյանի պաշտպանական տակտիկան հենված է այն դրույթի վրա, որ պաշտոնաթող նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն, բայց բացարձակ անձեռնմխելիություն չի կարող գոյություն ունենալ.

«Նույն Սահմանդրությունն ունեցել է այլ կետեր։ Այդ տարիների Սահմանադրության 5-րդ հոդվածով հստակ ամրագրված է եղել, որ պետական կառավարման մարմինները և նրանց ներկայացուցիչները, այդ թվում՝ նախագահը, կարող են իրականացնել միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված իրավունքները։ Այսինքն՝ ՀՀ որևէ նախագահ, այդ թվում՝ Քոչարյանը, չէր կարող անել այն, ինչ արգելված էր։ Նույն Սահմանադրությամբ ամրագրված է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ»։

Փաստաբանն ասաց, որ ֆորմալ առումով Քոչարյանը պահպանել է արտակարգ դրություն հայտարարելու մասին իրավական ընթացակարգը, բայց հրամանագրում որոշում է կայացվել Զինված ուժերի օգտագործման մասին, որի իրավունքը, ըստ նրա՝ Քոչարյանը չուներ. «Հետևաբար՝ Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որևէ որոշում, եթե դրան չէր նախորդել ռազմական դրության հայտարարում, որևէ նախագահի, տվյալ դեպքում՝ Ռոբերտ Քոչարյանի, սահմանադրական կարգավիճակից չբխող գործողություն է։ Այսինքն՝ իր կարգավիճակը՝ որպես նախագահի, իրեն իրավասություն չի տվել Զինված ուժերի օգտագործման վերաբերյալ որոշում կայացնել»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա փաստաբանը հիշեցրեց, որ նա այդ ժամանակ ուներ երկու կարգավիճակ. «Նա ՀՀ դե յուրե վարչապետն էր, իսկ ՀՀ կառավարությունը բաղկացած է վարչապետից և նախարարներից, ու ես գրեթե համոզված եմ, որ այդ տարիների կառավարման փիլիսոփայությունն ուղղակի բացառում էր, որ Սերժ Սարգսյանն առնվազն իր համաձայնությունը տված չլիներ՝ Միքայել Հարությունյանի կողմից իրականացվող գործողություններին»։

Փաստաբանը հավելեց, որ Մարտի 1-ի ամբողջական բացահայտման մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, երբ սպանված 10 քաղաքացիներից յուրաքանչյուրի դեպքում սպանության անմիջական կատարողները և կազմակերպիչները բացահայտված կլինեն։

 

Տեսանյութեր

Լրահոս