«Վախենում եմ, որ այս մեր լուսավոր երիտասարդներին չփորձեն օգտագործել և դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ». Հայկ Ալումյան

«Ես ինտերնետով այնպիսի գրոհի ենթարկվեցի, որ չէի պատկերացնում, թե 21-րդ դարում Հայաստանում իմ հայրենակիցների կողմից կարող է նման բան տեղի ունենալ, բայց ոչինչ, հարցը ես չեմ։ Հարցն այն է, որ երբ գրոհում են պաշտպանին, ուզում են հասկացնել դատավորին՝ այստեղ է խնդիրը, այսինքն՝ դատավորին ուզում են ցույց տալ, թե իր հետ ինչ կպատահի, եթե համաձայնի իմ փաստարկների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն  այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ըստ նրա՝ դա բիրտ ճնշում է դատարանի նկատմամբ. «Եթե այս ազնվագույն դատավորին հիմա ինտերնետով ինչ ասես՝ գրում են, սա իր նկատմամբ ճնշում չէ, սա միտված է Վճռաբեկ դատարանի դատավորին ճնշման տակ դնել, և սա է վտանգավոր»։

Միևնույն ժամանակ, Ալումյանը նկատեց, որ այդ երևույթն աննախադեպ չէ. «Ես ցավով հիշեցի սրա նախադեպը, որ երբ մեր ազգային զարթոնքն էր, և առաջին  նախագահն ընտրվեց, ցանկացած այլախոհների հիշում եք, չէ՞, ինչ էին անում. մտնում էին ու ջարդում, կամ կար ՀՀՇ-ի Գևորիկ։ Հիմա ես վախենում եմ, որ այս մեր լուսավոր երիտասարդներին չփորձեն օգտագործել և դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ»։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումն այդ ենթատեքստո՞ւմ է դիտում, նա այսպես պատասխանեց. «Չէի ուզի մտածել, թե սա ուղղորդված մանիպուլյացիա էր, բայց այս մոտեցումներն արդարադատությունը դարձնում են անթույլատրելի։ Ընդունենք, այս ճնշումների տակ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնի պարոն Քոչարյանի դեմ, լինի մեղադրական դատավճիռ, հենց մենակ էն փաստը, որ այս փուլում այսպիսի բիրտ ճնշումներ են եղել, այդ դատավարությունն ու դրա արդյունքները կդարձնի ոչ լեգիտիմ։ Ես ուզում եմ՝ բոլորը լավ հասկանան, թե ինչ է հիմա տեղի ունենում, և ովքեր այս մանիպուլյացիայի մեջ գործիք են դարձել, լավ պատկերացնեն՝ իրենց այս գործողություններն ուր են տանում։ Աշոտ Մանուչարյանը, որը, կարծեմ՝ ժամանակին ԱԱԾ պետ է եղել, հայտարարում է, թե Քոչարյանի պաշտպանները դիվերսանտներ են, հասկանո՞ւմ եք»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Ռոբերտ Քոչարյանը լքել է երկիրը, Ալումյանը հետևյալն ասաց. «Գնալու մտադրություն Ռոբերտ Քոչարյանը չի ունեցել, չունի և գուցե չունենա էլ։ Այդ առումով ես մտավախություն չունեմ և չեմ կարծում, թե մտավախության տեղիք կա։ Ռոբերտ Քոչարյանը Երևանում է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս