Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում հայտարարեց, որ աղքատությունը վերացնելու համար պետք է նախ քաղաքացիներն սկսեն աշխատել. «Վերջերս մենք խնդրի հետ բախվեցինք նաև գյուղատնտեսության ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ, երբ գյուղնախարարն ասում էր, որ տեղ-տեղ բերքահավաքի հետ կապված խնդիրներ կան, և մարդիկ չկան, որ բերքահավաք իրականացնեն։ Ես զարմացած հարցին, թե այդ ինչպե՞ս է, որ մարդիկ բողոքում են երկրում աշխատատեղերի բացակայությունից և ահա ունենք աշխատատեղեր, որոնք մարդիկ հրաժարվում են աշխատել։ Պատասխանն ինձ ցնցեց, ասվեց, որ մարդիկ ասում են՝ գանք աշխատենք, որ աղքատության նպաստից զրկվե՞նք»։
Ըստ Փաշինյանի՝ նախորդ տարիներին Հայաստանում վարված քաղաքականության արդյունքում աղքատություն ու աղքատության նպաստը դարձել է գերադասելի, քան աշխատանքը և աշխատանքով վաստակելը. «Իսկապես այդպիսի քաղաքականություն վարվել է, որովհետև ՀՀ իշխանություններին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ և ընտրություններին 5 հազար դրամով իրենց օգտին քվեարկեն։ Հայաստանում այսօր հաստատված իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ նրանք լինեն աղքատ, այլ որ՝ չլինեն աղքատ, քաջալերելու է, որ նրանք աշխատեն»։
Վարչապետի նկատեց՝ Հայաստանում փոփոխություններ տեղի ունեցան հենց աշխատանքի արդյունքում. «Այս ուղերձն եմ ուզում հղել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ աղքատության քաջալերման քաղաքականությունը նույնպես պետք է արմատախիլ անել ՀՀ-ից և քաջալերել աշխատանքը, հնարավորություն ստեղծել, որ մարդիկ իրենց աշխատանքով փոխեն իրականությունը»։
Վարչապետի այս խոսերից հետո մի փոքրիկ երեխա ծափահարեց։ «Հետաքրքիր է, որ այս խոսքերիցս հետո երեք տարեկան երեխան ծափ տվեց. ապրես, մռութ ջան, սպասի գամ՝ քեզ մի հատ պաչեմ»,- ասաց վարչապետը և մոտեցավ, համբուրեց երեխային։