«Ժամանակակից աշխարհում լավ ապրելու միակ ձևը կրթությունն է». Նիկոլ Փաշինյան
«Ժամանակակից աշխարհում լավ ապրելու միակ ձևը կրթությունն է»,- այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ սովորելը միայն երեխաների դպրոց գնալը չէ։
«Սովորելը բոլորին է վերաբերում, ինձ է վերաբերում։ Ես պետք է ամեն օր սովորեմ։ Այն գյուղացին, շինարարը, պատշարը, որ ամեն օր չի սովորում՝ ավելի լավ մասնագետ դառնալու համար, նա չի կարող շուկայում մրցունակ լինել։ Այն գյուղացին, որ հողը վարում ու ցանում է, և ասում՝ առավոտից իրիկուն չարչարվում է, ու ոչ մի արդյունք չկա, ու այդպես շարունակվում է 20 տարի, ուրեմն՝ մենք ինչ-որ բան սխալ ենք անում»։
Բնակիչներից մեկն ասաց, թե ոռոգման ջուր չկա, Փաշինյանն էլ նշեց, որ պետության պատասխանատվությունն է՝ այնպես անել, որ ոռոգման ջուր լինի, ճանապարհները նորմալ լինեն. «Դա կառավարության պատասխանատվությունն է։ Նաև այն է կառավարության պատասխանատվությունը, որ օգնի, որ գյուղացին կաթիլային ոռոգում, հակակարկտային ցանց ունենա, այս տրամաբանությունը պետք է դնենք մեր գործերի մեջ։ Մենք 21-րդ դարի Հայաստանի քաղաքացի ենք։ Մեր նախկին սխալները հաշվի առնելով՝ նոր կյանք ենք կառուցում ՀՀ-ի համար, բայց առաջինը մեր միտքը պետք է փոխվի»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեսնում է իրականության ընկալման փոփոխություն. «Դուք գիտեք, որ հզոր ժողովուրդ եք, ձեր դեմ խաղ չկա ու չի լինելու ընդհանրապես, դուք ապրելու եք ազատ, երջանիկ և հզոր»։