«Թավշյա հեղափոխությունը կատարել է ժողովուրդը, բայց խարիզմատիկ եկեղեցիների մասնակցությունը եղել է». Ալեքսանդր Ամարյան

Հարցազրույց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանի հետ

– Պարոն Ամարյան, կայքերից մեկի հետ զրույցում ասել եք, որ նախորդ տարվա վերջին «Կյանքի խոսքի» եվրոպական առաջնորդներից մեկը եկավ Հայաստան և հայտարարություն արեց, թե՝ ժողովուրդ ջան, սա մեր վերջին հանդիպումն է այս փոքր դահլիճում, հաջորդ հանդիպումը կլինի ավելի մեծ դահլիճում` մենք իշխանությունը կգրավենք: Այսինքն՝ դա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունը կրոնական կառույցների օժանդակությա՞մբ է տեղի ունեցել, դա՞ եք ուզում ասել։

– Նախ՝ ոչ թե «Կյանքի խոսքի», այլ խարիզմատիկ եկեղեցիների առաջնորդ Բեն Հինն է նման հայտարարություն արել։ «Կյանքի խոսքը» մտնում է խարիզմատիկ եկեղեցիների մեջ։ Բեն Հինի ասելով՝ հեղափոխությունն իրենք են իրականացրել։ Թավշյա հեղափոխությունը կատարել է ժողովուրդը, բայց խարիզմատիկ եկեղեցիների մասնակցությունը եղել է։ Եվ պարտադիր չէ, որ թավշյա հեղափոխության ղեկավարն իմանա, թե ով է իր կողքին։ Ժողովուրդը, որ հավաքվում է, ոչ մեկին չեն հարցնում՝ աղանդի՞ց ես, թե՞ ոչ։

– Այդ դեպքում նման հայտարարություն անելիս Բեն Հինն ի՞նչ գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը նման հեղափոխություն է անելու։

– Դե ինչ-որ ինֆորմացիա ունեցել են իրենց շրջապատից։ Կամ էլ՝ արտասահմանից տվյալներ են ստացել, որ այստեղ նման բաներ են ֆինանսավորում։ Այստեղ ոչ թե կապը Նիկոլի հետ է, այլև Արևմուտքի, որոնք տվյալներ են փոխանցել։

– Դուք անընդհատ նշում եք, որ աղանդավորներ կան թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, թե՛ ուժային կառույցներում. ի վերջո, մի քանի անուն կնշե՞ք։

– Ես անուններ չեմ տալիս, որովհետև, երբ մենք անուն ենք տալիս, սենսացիա է լինում, մարդկանց վարկաբեկում են, և ոտնահարվում են մարդու իրավունքները, որը զրոյացնում է պայքարը։

– Իսկ որևէ օրենք արգելո՞ւմ է, որ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները պետական պաշտոններ զբաղեցնեն։

– Այդպիսի օրենք չկա, բայց կա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի երկրորդ մասը, որ, եթե կրոնական կազմակերպությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, դրանց  ներկայացուցիչները չեն կարող պաշտոններ զբաղեցնել, սահմանափակումներ կան։

– Ուզում եմ հասկանալ՝ Ձեր նշած մարդիկ գաղտնի՞ են պահում իրենց կրոնական դավանանքը։

– Նրանք բացահայտ ոչինչ չեն անում, գաղտնի են պահում իրենց դավանանքը։

– Այդ դեպքում այն կառույցները, որոնց նրանք հարում են, ինչպե՞ս են օժանդակում այդ մարդկանց, եթե նրանք գաղտնի են պահում իրենց դավանանքը։

– Եկեք՝ այս պահին ոչինչ չհրապարակեմ, հիմա զեկույց եմ պատրաստում, որն առաջիկայում անպայման հրապարակվելու է։

Տեսանյութեր

Լրահոս