«Այնքան էլ անհիմն չէ պնդումը, որ ազատության մեջ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է որոշակի քայլեր իրականացնել». Արմեն Մարտիրոսյան

«Իրավական ընթացակարգ կա, և դրան համապատասխան հարցը կընթանա։ Դատարանն այսօր որոշակիորեն անկախ է, նախկին կապանքները չհաշված, և գործող իշխանությունն անընդհատ հավաստիացնում է, որ որևէ ձևով հրահանգներ չի տալիս և չի տալու, ուստի մնում է դատարանի որոշումը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությանը։

Ըստ նրա՝ Քոչարյանի պաշտպանների պնդումները, թե դատավորներն արդեն կաշկանդվում են, երբ լսում են ՀՔԾ պետի դիրքորոշումը, որ կալանքը չպետք է փոխվի, լուրջ չեն. «Մինչև հիմա ոչ մի դատավոր լսելով՝ չի կաշկանդվել, այդ բարոյական ճնշումը ոչ մի դատավորի վրա չի ազդել, հակառակ պարագայում մենք այսքան քաղկալանավորներ, քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ չէինք ունենա։ Ոչ, նման բան գոյություն չունի, առավել ևս՝ մի դատավոր չի, այլ 3 դատավոր է վերաքննիչում»։

Ա.Մարտիրոսյանը համաձայնեց տեսակետին, որ Ռ.Քոչարյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը. «Հայաստանում ամենաշատ ռեսուրսներ ունեցող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև ունի և՛ ֆինանսական հսկայական կարողություններ, և՛ բավականին մեծ ռեսուրս, բազմաթիվ մարդկանց պաշտոնի է նշանակել, և ակնհայտ է, որ այնքան էլ անհիմն չէ պնդումը, որ ազատության մեջ լինելով՝ կարող է որոշակի քայլեր իրականացնել, որ կխոչընդոտի նախաքննությանը»։

Դիտարկմանը, որ անազատության մեջ լինելով՝ Քոչարյանը ևս տիրապետում է նույն ռեսուրսին, հիմա ի՞նչն է խանգարում նրան, Ա.Մարտիրոսյանը պատասխանեց.

«Խնդիրն այն է, որ անազատության մեջ, երբ մեկուսացումը խիստ է լինում, իմ օրինակով եմ դա տեսել, այդ մեկուսացումը շատ ուժեղ է լինում, այսինքն՝ անմիջականորեն չես կարողանում կառավարես։ Փաստաբանների միջոցով էլ մի փոքր դժվար է։ Ես չեմ ասում՝ ինքը կփախնի, կխուսափի, Հայաստանից կմեկնի ու չի գա, դրա մասին չի խոսքը, այլ՝ ազդեցության մասին»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի՝ «Վիկիլիքսի» հրապարակումից տարբեր հայտարարություններին ու պնդումներին, թե իր հանդեպ ճնշում չի եղել, Ա.Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր մարդիկ էլ ապրել են ուզում, նաև Պողոսյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք ՀՔԾ-ն երաշխավորելու է իր անվտանգությունը. «Բացի դա, ես հիշում եմ, որ այդ օրերին ասում էին, որ այն սենյակում, որտեղ քննարկվել է Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը, ավտոմատավորները կանգնած են եղել։ Թե որքանով է դա լեգենդ, որքանով իրականություն, չեմ կարող ասել, բայց նման լուրեր այդ ժամանակ համառորեն պտտվում էին»։

Տեսանյութեր

Լրահոս