«Հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն». Վյաչեսլավ Հարությունովը պնդում է, որ Ծառուկյանն ու Բաբայանն իրեն չեն ծեծել

«Ընդհանրապես այդպիսի հայտարարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ Էդուարդը ինձ ծեծել են, ես ընկել եմ։ Հիվանդանոցում առավոտյան արթնանում եմ, կնոջս են թողնում մոտս, նա հարցնում է՝ ինչ է պատահել, ինչ միջադեպ է եղել Գագիկ Ծառուկյանի կամ Էդուարդ Բաբայանի հետ։ Ես ասել եմ, որ նման բան չկա, որ լրագրողներին այդ մասին տեղեկացնի, նաև գնա Գագիկ Ծառուկյանի մոտ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Վյաչեսլավ Հարությունովը՝ ընդգծելով՝ ինքն այն մարդը չէ, որին ծեծեն, հետո իր 30 տարվա կնոջն ուղարկի իրեն ծեծողի մոտ։ Նաև ասաց, որ մտերիմ հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ։

«Ես այդպես էլ չհասկացա, թե ոնց դարձա տուժող։ Այսօրվա դրությամբ ինձ սարքել են տուժող, Գագիկ Ծառուկյանին ու Էդիկին էլ՝ մեղադրյալ։ Թե այդ խեղճ տղեն ինչ մեղք ունի։ Ասում են՝ ինձ ծեծել է. հո, հավի ճուտ չե՞նք, որ մեզ ծեծեն։ Կամ ո՞նց եք պատկերացնում՝ պարոն Ծառուկյանը, որ 100 հոգի թիկնապահները կողքն են, պետք է գա՝ իմ վրա ձեռք բարձրացնի։ Ծառուկյանն ու Էդոն այնտեղ չեն եղել։ Ես քննչականում ասել եմ, որ ընդհարում եղել է, նույնիսկ ասել եմ՝ ում հետ։ Ավելին, ես հրավիրվում եմ ՀՔԾ, մի րոպեում ինձ մենակ են թողնում, պաշտպանիս հեռացնում են, սկսում են շանտաժ անել, վիդեոներ են ցույց տալիս…»,- ասաց նա։

Թեպետ նշեց, որ ընդհարում եղել է, սակայն շարունակեց պնդել, որ որևէ մեկն իրեն չի հարվածել, պարզապես սայթաքել և ընկել է աթոռին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է հայտնվել հիվանդանոցում։ «Ժողովից հետո, երբ պարոն Ծառուկյանը նախարարին ասաց, որ զբաղվեն Նիկոլի հարցերով (նկատի ունի իր որդուն՝ Նիկոլ Հարությունովին.- Ռ.Մ.), հեռախոսահամարներով փոխանակվեցինք, հետո ես անցա ներս, սպասում էի պարոն Ծառուկյանին։ Մի 20 րոպե սպասեցի, ջղայնացա, ձեռքիս ջուր կար, լցրեցի հատակին, մի երկու աթոռ ջարդեցի, որ 20 րոպե սպասում եմ, ու էդ խփածս ջրի վրա ոտքս սայթաքեց, ընկա աթոռի վրա։ Դրանից հետո դուրս եկա, հետո Էդոն մոտեցավ, թե՝ Սլավիկ ջան, ինչ է եղել,  ես ասացի, որ լավ չեմ զգում, գնում եմ հիվանդանոց։ Այդպես գնացի հիվանդանոց՝ ժամը 20։30 էր մոտավորապես։ Դրանից հետո, արդեն, Ոստիկանությունն ինձ մոտ չեմ էլ հիշում՝ երբ է եկել, նայեցին, ասացին, թե թոքս է ծակվել, օդ է հավաքվել, որ կարդայիք, թե իմ հետ ինչ է կատարվել, ես հիմա վաղուց պետք է մահացած լինեի»,- պարզաբանեց նա։

Իսկ հարցին՝ Ոստիկանության տարածած տեսանյութում ցուցմունք տվող անձն ի՞նքն էր, նա այսպես պատասխանեց. «Ես դա չեմ հիշում, հետո, որ տենց ասում են, ես խավար հիշում եմ, որ մի տղա էր եկել, ինձ հարցեր էր տալիս, ես էլ ինչ-որ պատասխաններ էի տալիս։ Բայց եթե դուք ուշադիր լինեք, կտեսնեք՝ ես ինչ եմ խոսում, լրագրողն ինչ է ասում։ Լրագրողի ասածները մի վերագրեք ինձ»։

Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահագն Հակոբյանն էլ ասաց, որ տեսանյութի նկարահանման ժամանակ Վյաչեսլավ Հարությունովը եղել է հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ «Ես չգիտեմ՝ ինչ կա գործի նյութերում, քանի որ դրանց ծանոթ չեմ, բայց իմ վստահորդին որոշակի տեսագրություններ են ցուցադրվել, հարցաքննության ընթացքում այն հարցերը, որ տվել են իմ վստահորդին, ինձ հիմք են տալիս ենթադրել, որ սույն քրեական գործով իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մասնավորապես, իրականացվել են ներքին դիտում և հեռախոսային խոսակցությունների վերահսկում՝ գաղտնալսում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս