Մտադրության դեպքում Ռոբերտ Քոչարյանը չի՞ կարող խոչընդոտել նախաքննությանը փաստաբանների կամ այլ անձանց միջոցով. «Դուք ասացիք»
«Ակնհայտ է, որ մեր կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը չպետք է մնա կալանավորված ոչ միայն, որ չխոչընդոտի, որովհետև որևէ ապացույց չկա առ այն, որ ինքը որևէ կերպ փորձ է կատարել խոչընդոտել, և միայն զուտ ենթադրության վրա անձին չի կարելի կալանավորել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով վերջին օրերին տարբեր գործիչների, իրավապաշտպանների կողմից հնչող տեսակետին, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը չպետք է փոխվի։
Նա նշեց, որ մեղադրանքի էության մասով փաստաբանները նախկինում դիրքորոշում հայտնել են, ավելի դետալներ այս փուլում չի ցանկանում հայտնել, և հարցը կարելի է քննարկել օգոստոսի 9-ին՝ նիստից հետո։
Հարցին՝ եթե Ռ.Քոչարյանը մտադրություն ունենա խոչընդոտելու, փաստաբանների կամ այլ անձանց միջոցով դրա հնարավորությունը չունի՞, Ա.Օրբելյանը պատասխանեց. «Դուք ասացիք, ես դիրքորոշում չհայտնեմ»։
Նա չբացառեց, որ կրկին գրավ կառաջարկվի, սակայն հրաժարվեց չափ չնշել. «Հարցը պետք է քննարկեմ գործընկերներիս հետ, վաղն ենք քննարկելու՝ նիստին ընդառաջ»։
Ա.Օրբելյանը հավելեց, որ վերաքննիչ նիստը ևս դռնփակ է լինելու, առնվազն 3-4 ժամ կամ ավելի երկար կտևի։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։