«Ես չեմ ցանկացել հրաժարական տալ». Ֆրանտ Դանիելյան
Տեսողական խնդիրներ ունեցող անձինք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ավետիք Իսահակյանի արձանի մոտ։ Նրանք պահանջում էին Կույրերի միավորման նախագահական կազմի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցները քայլերթով շարժվեցին ՀՀ կույրերի միավորման կենտրոնական վարչություն, որտեղ հանդիպում ունեցան միավորման նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ֆրանտ Դանիելյանի հետ։
Ակցիայի մասնակիցները Դանիելյանից պահանջում էին արտահերթ նիստ հրավիրել և նոր ընտրություններ անցկացնել։ Դանիելյանն ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, միևնույն ժամանակ նա մատնանշեց կանոնադրությունը. «Միավորումը չի կարող գործել, եթե ղեկավարություն չկա։ Նախագահությունը չի տա հրաժարական, ընտրված նախագահություն է, աշխատում է կանոնադրությամբ։ Ես չեմ ցանկացել հրաժարական տալ, գործելու ենք միայն իրավական դաշտում»։
Միավորման անդամները շարունակեցին պահանջել՝ արտահերթ ընտրություններ անցկացնել. «24 ժամ ժամանակ ենք տալիս՝ կենտրոնական վարչության նիստ հրավիրել և ներկայացնել նախագահության հրաժարականը»։
Արդեն լրագրողների հետ զրույցում Ֆրանտ Դանիելյանն ասաց, որ նախատեսված կարգ կա, թե նման դեպքերում ինչ պետք է արվի. «Ես ինչի՞ց ելնելով պետք է խախտեմ այդ օրենքի կետերը»։
168.am-ի հարցին՝ այս պահին հնարավո՞ր չէ արտահերթ նիստ հրավիրել, ինչպես պահանջում են ակցիայի մասնակիցները, նա պատասխանեց. «Օրենքում գրված է, որ նախագահի հրաժարականի դեպքում հրաժարականի 40-րդ օրը հայտարարվում է կենտրոնական վարչության նիստ, որն ընտրում է նախագահ։ Այդ օրը նիստը կլինի, նախագահ կընտրեն՝ ում ուզում են։ Ի պաշտոնե նախագահը պետք է տեսողական խնդիրներ ունենա, ես չեմ կարող նախագահ դառնալ, որովհետև ես տեսողությամբ մարդ եմ»։
Հրատապ պահանջի դեպքում, ըստ նրա՝ նախաձեռնող խումբը պետք է մոտ 600 ստորագրություն ունենա։ Վերջին հերթական նիստն էլ, ըստ նրա՝ անցկացվել է 2013 թվականին. «Մեր համագումարը լինելու է ապրիլ ամսին»։
Ակցիայի մասնակիցների և Ֆրանտ Դանիելյանի հանդիպումը դեռևս շարունակվում է։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում