Շվեյցարական Ալպերում ինքնաթիռի կործանման հետեւանքով 20 մարդ է զոհվել
Շվեյցարական Ալպերում ինքնաթիռ է կործանվել, որի հետեւանքով 20 մարդ է մահացել: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել է Գրաուբյունդեն կանտոնի ոստիկանությունը:
«Junkers ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ 11 տղամարդ, 9 կին»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Ոստիկանության տվյալներով, 1939 արտադրության Junkers 52 ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Լոկարնոյից դեպի Դյուբերդորֆ, կործանվել է Պից Զեգնանս լեռան լանջին՝ 2540 մետր բարձրության վրա: Ինքնաթիռի անձնակազմը աղետի ազդանշան չի տվել:
Կործանված ինքնաթիռը, ոստիկանության հաղորդմամբ, սեւ արկղեր չի ունեցել, ինչը բարդացնում է ավիավթարի հետաքննությունը: Քննիչները բացառում են ինքնաթիռի բախումը այլ օդային օբյեկտների հետ կամ պայթյունը ինքնաթիռում: Վթարի պատճառների թվում չեն դիտարկվում նաեւ եղանակային պայմանները: Ալպերում վերջին շրջանում բարենպաստ եղանակ էր:
Կոլեկցիոն ինքնաթիռը պատկանում էր Շվեյցարակական օդային բանակի ընկերների ասոցիացիային՝ JU-Air-ին: Ինքնաթիռը ձեռք էր բերվել 1981 թվականին: Նրանով պարբերաբար թռիչքներ էին իրականացվում Ալպերի վրայով: