«Դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն». Հայկ Ալումյանը՝ Ռ.Քոչարյանի պաշտպաններին ուղղված սպառնալիքների մասին
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ արված ասուլիսից հետո իմ և պարոն Քոչարյանի մյուս պաշտպանների հասցեին համացանցում տարածվում են վիրավորանքներ (ի թիիվս այլնի ինձ անվանում են ազգադավ), սպառնալիքներ և անեծքներ: Այս կապակցությամբ կուզեի մի փոքր հետ գնալ, որպեսզի որոշ բաներ պարզ դառնան:
2000-2003 թվականին ես պաշտպանում էի մի զինվորի, ում մեղադրել էին համածառայակցի սպանության մեջ: Այս զինծառայողից ռազմական ոստիկանները խոստովանական ցուցմունքներ էին կորզել՝ եղունգները պլասկոգուբցիներով սեղմելու և համանման այլ խոշտանգումների միջոցով: Ինձ հաջողվեց ապացուցել խոշտանգումների փաստը (ում հետաքրքիր է՝ կարող են նայել Եվրոպական դատարանի վճիռը Միշա Հարությունյանի գործով), որի արդյունքում 5 խոշտանգողները, որոնցից մեկը արդեն ԱԱԾ-ում շատ բարձր պաշտոն էր զբեղեցնում, իսկ մյուսը՝ ՌՈ տարածքային բաժիններից մեկի քրեական հետախուզության պետ էր՝ դատապարտվեցին: Այդ 5 անձինք, ամենքը, ունեին մեծ հնարավորություններ և բազմաթիվ ազգականներ, ովքեր (հասկաանալի պատճառներով) ՇԱՏ վատ էին տրամադրված իմ դեմ: Կար մտավախություն, որ նրանք կարող է փորձեն վրեժ լուծել: Սակայն ստացվեց այնպես, որ նրանցից որևէ մեկը, որևէ անգամ ինձ չփորձեց սպառնալ կամ վիրավորել: Ես հասկացա, թե ինչու այդպես եղավ. նրանց համար պարզ էր, որ իշխանությունները չեն հանդուրժի նման վերաբերմունք փաստաբանի նկատմամբ:
2013 թվականին ինձ դիմեցին Բուդաղյաններ ընտանիքի անդամները՝ երևի գիտեք, թե որ գործով: Տարիներ շարունակ իրավական դաշտում բոլոր հնարավոր միջոցներով պայքարել եմ, որպեսզի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և նրա որդին ենթարկվեն քրեական պատասխանատվության: Կասկածից վեր է, որ Սուրիկ Խաչատրյանը ի վիճակի կլիներ և պառնալ ինձ, և այդ սպառնալիքներն իրականություն դարձնել: Սակայն որևէ անգամ չփորձեց: Ես դա վերագրում եմ այն ժամանակվա իշխանությունների դիրքորոշմանը: Պարզ է, որ եթե Ս.Խաչատրյանը գոնե ենթադրեր, որ այդ պահի իշխանությունները կհանդուրժեն իմ նկատմամբ սպառնալիքները կամ վիրավորանքը՝ նա դա կաներ:
Այժմ ես համացանցում տեսնում եմ և թիմի մյուս փաստաբանների հասցեին վիրավորանքներ, սպառնալիքներ և անեծքներ: Ու ինձ համար պարզ է, որ դրանց հեղինակները համոզված են, որ ներկա իշխանությունները դա կհանդուրժեն: Սա է ցավալի, այլ ոչ թե վիրավորանքները (որոնք տրվում են իրենց խոսքի արժեքը չհասկացող անձանց կողմից)»: