«Լուսավոր Հանրապետության» քաղաքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Արտակ Զեյնալյանը

«Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի շրջանակներում մասնակցելու քննարկումները դեռևս շարունակվում են, և մեզ համար նախընտրելի ձևաչափը համատեղ մասնակցությունն է «Ելք» դաշինքով»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Դիտարկմանը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն որոշել է քաղաքապետի պաշտոնում առաջադրել Հայկ Մարությանին, Դ.Խաժակյանը պատասխանեց, որ քննարկվում է գլխավորապես միասնական ցուցակով հանդես գալու հարցը։

Սակայն, Դ.Խաժակյանի խոսքով, եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքով մասնակցելը, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կմասնակցեն համատեղ։

Նա նշեց, որ 2 կուսակցությունների դաշինքի հավանական անվան շուրջ քննարկումներ եղել են և, եթե ՔՊ-ի հետ միասնական ցուցակ չստացվի, տարբեր տարբերակներ կան, այդ թվում՝ «Լուսավոր Հանրապետություն»։

Այս դեպքում, ըստ նրա, քննարկվել է նաև քաղաքապետի թեկնածուների հարցը. «Այս պահին առավել առարկայական է խոսել Արտակ Զեյնալյանի թեկնածության մասին»։

 

 

Տեսանյութեր

Լրահոս