Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են ռուս լրագրողներ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն
Երեք ռուս լրագրողներ՝ Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն, սպանվել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում:
Նրանք նկարահանում էին ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերության գործունեության մասին փաստավավերագրական ֆիլմ:
«Մենգ միասին նախագիծ էինք իրականացնում Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Երեկ չէ առաջին օրը նրանք վերջին անգամ կապի են դուրս եկել: Ճիշտ է, շատ դժվար է խոսել, նրանք իմ ընկերներն են»,- BBC-ի ռուսական ծառայությանն է ասել Հետաքննությունների կառավարման կենտրոնի գլխավոր խմբագիր Անդրեյ Կոնյախինը:
Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ռուս լրագրող Օրհան Ջեմալի սպանությունը հաստատել են նրա բարեկամները.
«Օրհան Ջեմալը սպանվել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում: Ինձ այդ մասին ասել են նրա հարազատները»,- այս մասին ТАСС-ին է հայտնել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Լրագրողների մարմինները հայտնաբերվել են Սիբյու քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Ըստ աղբյուրների տեղեկության՝ նրանք սպանվել են «անհայտ զինված անձանց» կողմից:
«Ըստ նախնական տվյալների՝ սպանությունը կատարվել է թալանելու նպատակով»,- ասել է «Интерфакс»-ի աղբյուրը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության ոստիկանությունից: