
ՀՅԴ-ն համաձայն է վարչապետ Փաշինյանի հետ

«ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմաները բացել առանց նախապայմանների, ընդ որում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակել է Թուրքիան, Հայաստանի կողմից այն կարելի է համարել ոչ փակ:
Ըստ նրա՝ դա ոչ մի կապ չունի հայ-թուրքական արձանագրությունների հետ։ Ա.Համբարձումյանի խոսքով՝ առանց նախապայմանների սահմանները բացելու մասին ՀՅԴ-ն մշտապես ասել է և հիմա էլ է ասում.
«Ամբողջ խնդիրն այն է, որ թուրքական կողմն է նախապայմանների լեզվով խոսում։ Եվ հայ-թուրքական սահմանն էլ չի փակվել հայկական կողմի նախաձեռնությամբ, այլ փակվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Հետևաբար՝ եթե սահմանները բացելու խնդիր կա, քայլը պետք է անի թուրքական կողմը»։
Ա.Համբարձումյանի կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրություններն այլևս օրակարգ չեն վերադառնա այն տեսքով, այն տրամաբանությամբ, որ եղել են. «Կարծում եմ, որ դարձ դեպի նման արձանագրություններ չեն կարող լինել։ Մաքուր էջից միշտ էլ կարելի է սկսել հարաբերություններ և խոսել այդ հարաբերությունների մասին, բայց չեմ կարծում, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք դա հնարավոր է»։