Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ Մատարելլա,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ գործընկերներ,
Մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում:
Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։
Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը:
Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում:
Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:
Անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաև երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։
Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային եւ գիտակրթական կապերի ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարդկային շփումների կարեւորությունը:
Կարեւորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երևանում բացվող հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ:
Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունն եւ բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։
Շնորհակալություն»: