ՀԱՊԿ կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ հրապարակային քննարկումներն անարդյունավետ են. Երևանի պատասխանը Մոսկվային. Aysor.am

Aysor.am-ը գրում է․ Երևանում ոչ արդյունավետ են համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության ու այլ փաստաթղթերի վերաբերյալ։

«Ոչ արդյունավետ ենք համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության, ընթացակարգերի կանոնների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ շատ լավ հայտնի են, և որոնց խիստ համապատասխանության պայմաններում Հայաստանը կառուցում է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում», – «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Երևանում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով գործակալության խնդրանքով Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններին ուղղված Հայաստանի առաջարկը՝ սկսել Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, ոչ պրոֆեսիոնալ է։

«Մեր ռուս գործընկերների հետ ունենք կառուցողական և բովանդակային երկխոսություն երկկողմ և բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան և շփման վստահելի կայացած խողովակներով», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Մոսկվայում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը ТАСС-ին ասել էր, որ Երևանը պետք է գրավոր ծանուցում ուղարկի ՀԱՊԿ, և միայն դրանից հետո գործի կդրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների դադարեցման ընթացակարգը։

«Եթե Երևանում որոշել են, որ պ-ն Խաչատուրովն այժմ իրենց չի բավարարում այդ պաշտոնում, ապա Հայաստանից ՀԱՊԿ-ը պետք է ստանա համապատասխան գրավոր ծանուցում: Միայն դրանից հետո գործի կդրվի պաշտոնական ընթացակարգը՝ և ոչ թե «գլխավոր քարտուղարի փոխարինման», այլ նրա լիազորությունների դադարեցման», – նկատել է աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ Ռուսաստանը ոչ պրոֆեսիոնալ է համարում Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, քանի որ Հայաստանն ինքը պետք է սկսի գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը, որն այդ երկրի ներկայացուցիչ է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս