Բաժիններ՝

«Ցավոք, շատ դեպքերում քաղաքացիների նամակներին տրվում է, կներեք այդ բառի համար, ցրողական պատասխան». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիներից ստացվող նամակներին պատասխանելու և բարձրացված հարցերը լուծելու խնդրին:

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների և չափերի է հասնում: Մենք խնդիր ունենք այդ նամակների մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետներին, նաև անկախ պետական մարմիններին և Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին հանձնարարեց յուրքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ սահմանված ժամանակուցույցով անձամբ կատարել քաղաքացիների ընդունելություն: Նա նշեց, որ գիտի, որ կան գերատեսչությունների ղեկավարներ, որ կատարում են դա, բայց մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրում:

Ն.Փաշինյանը նշեց, որ վարչապետի աշխատակազմից ուղարկված դիմումները մանրամասն պետք է քննարկել և պատասխանել. «Մի խնդիր ունենք, որ իներցիան չենք կարող շատ արագ կանգնեցնել, բայց պետք է մտածել այդ մասին: Ցավոք, շատ դեպքերում քաղաքացիների նամակներին տրվում է, կներեք այդ բառի համար, ցրողական պատասխան»:

Ն.Փաշինյանի խոսքով՝ խնդիրը համակարգային է և պետք է մտածել այս ոլորտում արդյունավերությունը բարձրացնելու մասին, որպեսզի ըստ էության զբաղվեն հարցերով: Նա նշեց, որ նաև պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու խնդիր կա:

Վարչապետը նաև հանձնարարեց օրենքով սահմանված ժամկետները պահպանել: Նա նշեց, որ թեև նամակների ծավալները շատ են, բայց պետք է առաջին փուլի ցայտնոտը հաղթահարել և արդյունավետ դարձնել քաղաքացիների հետ շփումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս